Iravaban.net–ի փոխանցմամբ՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է առողջության ապահովագրության շրջանակում ուղեգրերի օգտագործման կարգին, փոխհատուցվող խորհրդատվությունների և այցերի սահմանաչափերին, ինչպես նաև համավճարի չափին։
Նախարարի խոսքով՝ յուրաքանչյուր նեղ մասնագիտական ուղղությամբ պացիենտը կարող է օգտվել տարեկան երկու փոխհատուցվող խորհրդատվությունից և չորս այցից։ Սահմանաչափը գործում է՝ անկախ նրանից՝ խորհրդատվություններն ու այցերը կատարվում են իրար հաջորդող օրերին, թե տարվա ընթացքում տարբեր ժամանակահատվածներում։
Նախարարի խոսքով՝ ուղեգիրը վավեր է մեկ ամիս։ Այդ ժամանակահատվածում պետք է իրականացվեն ուղեգրում նշված հետազոտությունները կամ միջամտությունները։
Ուղեգիրը բաց է, այսինքն՝ պացիենտն ինքն է ընտրում, թե ապահովագրության համակարգին և պետական պատվերի ծրագրին միացած որ բժշկական կենտրոնում ստանա համապատասխան ծառայությունը։ «Պացիենտն ինքն է ընտրում՝ ուր գնալ»,- նշել է նախարարը։
Միևնույն ժամանակ, մեկ ուղեգրով հնարավոր չէ նույն հետազոտությունը կրկնել տարբեր բժշկական կենտրոններում։ Ուղեգիրը տրամադրվում է կոնկրետ պացիենտին՝ մեկ հետազոտություն իրականացնելու համար։
Ավանեսյանի խոսքով՝ խորհրդատվությունների համար համավճար սահմանելը թույլատրելի է, իսկ դրա առավելագույն չափը 12 հազար դրամ է։ Համավճարի կոնկրետ չափը որոշում է բժշկական կենտրոնը կամ մասնագետը՝ ապահովագրական փաթեթով սահմանված պայմանների շրջանակում։
Նախարարը նաև նշել է, որ համավճարի պահանջը կարող է վերաբերել ոչ միայն խորհրդատվություններին, այլև այցերին։