Արցախից բռնի տեղահանվածները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում պահանջել են ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին և ապահովել իրենց վերադարձն Արցախ։ Ակցիան անցկացվել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին ընդառաջ։
Ակցիայի ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։
Մասնակիցները պահանջել են նաև մինչև վերադարձն ապահովել արցախցիների հոգևոր ու նյութական մշակույթի պաշտպանությունը։
Ակցիային մասնակցած բնապահպանները համաժողովին ժամանող պատվիրակների ուշադրությունն են հրավիրել Ամուլսարի շահագործման բնապահպանական խնդիրների վրա և պահանջել դադարեցնել նախագիծը։ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությունն անցկացվել է հոկտեմբերի 10-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։
Կառավարության շենքի դիմաց խաղաղ ակցիան ավարտելուց հետո մասնակիցները շարժվել են դեպի Շվեյցարիայի դեսպանատուն և իրենց պահանջները ներկայացնող նամակ հանձնել դեսպանատան ներկայացուցչին։ Նրանք նաև հանդիպում են խնդրել դեսպանատան ներկայացուցիչների հետ։ Կազմակերպիչների խոսքով՝ նույնաբովանդակ նամակներ են հանձնել նաև այլ միջազգային կառույցների։
Ակցիայի ընթացքում մասնակիցները պարզել են «Դադարեցրե՛ք ձևացնելը, սկսե՛ք պաշտպանել» և «Թույլ մի՛ տվեք Ադրբեջանին ջնջել Արցախի ժողովրդին, բնությունը և ժառանգությունը» գրությամբ պաստառներ։
Կազմակերպիչները միջազգային հանրությանը մեղադրել են Արցախի բնությանը հասցված վնասներն անտեսելու մեջ։ Նրանք անդրադարձել են պատերազմի ընթացքում անտառների հրդեհներին և Ադրբեջանի կողմից ֆոսֆորի կիրառման մասին պնդումներին։
Ոստիկանությունը երկու անգամ տեղափոխել է կառավարության շենքի դիմաց անցկացվող ակցիան՝ չպարզաբանելով պատճառները։ Պարեկները մասնակիցներին կոչ են արել խաղաղ ակցիայի ընթացքում համագործակցել իրենց հետ։
Մասնակիցները հայտարարել են, որ իրենց ձայնը լռեցնել չի հաջողվի։
«Չեք կարող աշխարհում խոսել ժողովրդավարության մասին, իսկ Արցախի ժողովրդի հետ խոսել «կզեցնելու եմ, սատկացնելու եմ, ականջ եմ կտրելու» բառապաշարով»,- ասել է մասնակիցներից մեկը։
Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը քննադատել է իշխանությունների վերաբերմունքը՝ պնդելով, որ նրանք հատուկ մեթոդներ են կիրառում ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանի մյուս քաղաքացիների դեմ։
«Ամաչեք ինքներդ ձեր երեխաների մոտ։ Դուք եք քանդում, ավիրում մեր ապագան»,- հայտարարել է նա։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Արցախի խնդիրներն անտեսելու և Ադրբեջանի գործողությունները լեգիտիմացնելու մեջ։
«Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ մենք չենք մոռանում մեր իրավունքները և պայքարում ենք մեր վերադարձի իրավունքի համար, մեր մշակութային ժառանգության պաշտպանության համար, մեր կենսաբազմազանությունը պաշտպանելու համար, որի անբաժանելի բաղադրիչը հենց բնիկ ժողովուրդն է»,- ընդգծել է նա։
Բեգլարյանը վերադարձի իրավունքը համարել է ժողովրդի առաջնային պահանջը։
«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն իր հերթին խոսել է ժողովրդի և իշխանությունների միջև գաղափարական խզման մասին։ Նրա գնահատմամբ՝ կառավարության դիրքորոշումները չեն արտահայտում ժողովրդի ցանկությունները։
Սողոմոնյանը նաև քննադատել է միջազգային կազմակերպությունների լռությունը հայ գերիների ազատման հարցում և կասկած հայտնել բնապահպանության ոլորտում ՄԱԿ-ի հետ համագործակցության արդյունավետության վերաբերյալ, քանի դեռ այդ հարցերը մնում են չլուծված։
