Եմենի հարավ-արևմուտքում՝ Թաիզ նահանգում բախումների ընթացքում, «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հութիները գերեվարել են կառավարական ուժերի ավելի քան 700 զինծառայողի։ Այս մասին հայտնել է շարժման՝ գերիների հարցերով կոմիտեի ղեկավար Աբդել Քադեր ալ-Մուրտադան։
«Բախումների ընթացքում մեր զինված ուժերին հաջողվել է Թաիզի ճակատներում գերեվարել ավելի քան 700 մարդու, այդ թվում՝ տասնյակ զինվորական հրամանատարների»,- նրա խոսքերը մեջբերել է հութիների վերահսկողության տակ գտնվող SABA գործակալությունը։
Հոկտեմբերի 12-ին հութիները հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Թաիզ նահանգի մի շարք շրջաններում և այնտեղից դուրս մղել կառավարական ուժերին։ Չորեքշաբթի օրը Եմենի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության զինված ուժերը հայտնել էին, որ «Եմենի արշալույս» գործողության շրջանակում չեզոքացրել են շուրջ 1250 զինյալ և ոչնչացրել հակառակորդի ավելի քան 460 միավոր ռազմական տեխնիկա։
2026 թվականի օգոստոսի սկզբին «Անսար Ալլահ» շարժումն ակտիվացրել է հարձակումը երկրի հարավ-արևմուտքում, իսկ սեպտեմբերին վերահսկողություն հաստատել Եմենի արևմուտքում գտնվող Մոխա նավահանգստային քաղաքի և Բաբ էլ-Մանդեբի նեղուց տանող տարածքների նկատմամբ։
Հոկտեմբերի 5-ին Եմենի Նախագահական ղեկավար խորհրդի նախագահ Ռաշադ Մուհամմեդ ալ-Ալիմին հայտարարել էր ապստամբներից մայրաքաղաքն ազատագրելու նպատակով «Եմենի արշալույս» լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Գործողությունն իրականացվում է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ։