CBC․ Կանադան կասեցրել է ԱՄՆ-ից 16 ուղղաթիռ գնելու գործարքը

Կանադայի իշխանությունները անցած ամռանը կասեցրել են ամերիկյան արտադրության UH-60M Black Hawk տեսակի 16 ուղղաթիռի գնման գործարքը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է կանադական CBC հեռուստաալիքը։

Աղբյուրների տվյալներով՝ Կանադայի կառավարությունը նման որոշում է կայացրել Վաշինգտոնի հետ առևտրային բանակցությունների մեկնարկից առաջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ հարաբերություններում առաջացած բարդությունների պատճառով։ Գործարքը հաստատել էին ԱՄՆ պետքարտուղարությունն ու Պենտագոնը, և այն գտնվում էր Կոնգրեսի քննարկման փուլում, երբ Օտտավան որոշել է կասեցնել այն։ Վաշինգտոնում անցկացված երկկողմ առևտրային բանակցությունները, ի վերջո, ձախողվել են։

Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ Կանադան ձգտում է նվազեցնել ռազմական ոլորտում ԱՄՆ-ից կախվածությունը։ Կառավարությունը եզրակացրել է, որ առանց մրցույթի ամերիկյան ուղղաթիռներ գնելու համար այժմ հարմար ժամանակը չէ։

Բացի այդ, Օտտավան շարունակում է քննարկել ամերիկյան արտադրության 88 հատ F-35 կործանիչ գնելու հարցը։ Կառավարությունը 2025 թվականի վերջին կարգադրել է վերանայել այդ ծրագիրը, սակայն մինչ օրս որոշում չի կայացրել՝ գնել արդյոք բոլոր ինքնաթիռները, ինչպես նախատեսված էր ի սկզբանե։

Black Hawk ուղղաթիռները պետք է փոխարինեն Կանադայի զինված ուժերում օգտագործվող CH-146 Griffon ուղղաթիռներին, որոնք ավելի քան երեք տասնամյակի պատմություն ունեն և մարտական հնարավորություններով զգալիորեն զիջում են ամերիկյան մոդելին։ CBC-ի փոխանցմամբ՝ Black Hawk-ի նկատմամբ Կանադայի հետաքրքրության պատճառներից մեկը դրանց թռիչքի հեռահարությունն ու Արկտիկայում երկար հեռավորությունների վրա գործողությունների ժամանակ հուսալիությունն է։

Միևնույն ժամանակ, հարցումների համաձայն, կանադացիների ավելի քան 60 տոկոսը դեմ է ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա գնելուն։

Leave a Comment