Պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ – Live News

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հայ պատգամավորը պետք է մասնակցեր հոկտեմբերի 15-ին կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լուսինե Բադալյանն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

«Այսօր` հոկտեմբերի 14-ին, նախատեսում էի մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ վաղը կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։

Որպես ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ՝ պետք է մասնակցեի նիստի աշխատանքներին, որի օրակարգում ընդգրկված է 16 հարց։

Սակայն ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է։ Թե ինչ պատճառով՝ հայտնի չէ։

Տարօրինակ և մտահոգիչ իրավիճակ է, երբ ազգային խորհրդարանական պատվիրակության անդամին թույլ չեն տալիս մեկնել միջազգային խորհրդարանական կազմակերպության կենտրոնակայան՝ իր պաշտոնական պարտականությունները կատարելու և հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար»,– նշված է գրառման մեջ։

Leave a Comment