Հայաստանը 59-րդ տեղում է նորարարության վարկանիշում – armeniatoday.am

2026 թվականի Գլոբալ նորարարության ինդեքսում Հայաստանը 139 երկրի և տնտեսության շարքում զբաղեցրել է 59-րդ տեղը՝ պահպանելով նախորդ տարվա դիրքը, տեղեկանում ենք Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) տվյալներից։

Ընդ որում, 7 ուղղությունից երեքում երկիրը նահանջել է, իսկ չորսում՝ առաջընթաց գրանցել։

«Մարդկային կապիտալ և հետազոտություններ» ուղղությամբ Հայաստանը կորցրել է ութ դիրք՝ զբաղեցնելով 99-րդ տեղը նախորդ տարվա 91-րդի փոխարեն։ Սա երկրի ամենացածր դիրքն է ինդեքսի 7 ուղղության շարքում։ Ուղղությունը ներառում է կրթությունը, մասնագետների պատրաստումը, հետազոտությունների և մշակումների ծախսերը, հետազոտողների թվաքանակը և համալսարանների ցուցանիշները։

«Ինստիտուտներ» ուղղությամբ Հայաստանը նույնպես կորցրել է ութ դիրք՝ 70-րդ տեղից իջնելով 78-րդ։ Այս բաժինը գնահատում է պետական կառավարման արդյունավետությունը, կարգավորման որակը, օրենքի գերակայությունը և բիզնեսի համար պայմանների կայունությունը։

Բիզնեսի զարգացվածությամբ երկիրը 78-րդ տեղից իջել է 80-րդ։ Այս բաժինը հաշվի է առնում որակավորված կադրերի օգտագործումը, ընկերությունների մասնակցությունը հետազոտություններին, համագործակցությունը համալսարանների հետ, ինչպես նաև գիտելիքների և տեխնոլոգիաների յուրացումը։ Բոլոր ցուցանիշների նկարագրությունը հրապարակել է WIPO-ն։

Մնացած չորս ուղղություններում դիրքերը բարելավվել են. ենթակառուցվածքներ՝ 78-րդից 70-րդ տեղ, գիտելիքների և տեխնոլոգիական արդյունքներ՝ 65-րդից 60-րդ, շուկայի զարգացվածություն՝ 83-րդից 80-րդ, ստեղծագործական արդյունքներ՝ 47-րդից 45-րդ։

Նորարարական ռեսուրսների ամփոփ ցուցանիշով Հայաստանը 78-րդ տեղից բարձրացել է 77-րդ։ Միջինից բարձր եկամուտ ունեցող 35 տնտեսության շարքում Հայաստանը զբաղեցրել է 10-րդ տեղը, Հյուսիսային Աֆրիկայի և Արևմտյան Ասիայի 18 տնտեսության շարքում՝ 9-րդը։

Հայաստանի հարևաններից ամենաբարձր դիրքը Թուրքիան է զբաղեցնում, որը 45-րդ տեղում է։ Վրաստանը զբաղեցրել է 57-րդ տեղը, Իրանը՝ 81-րդը, Ադրբեջանը՝ 85-րդը։

Վարկանիշը հրապարակվել է սեպտեմբերի 29-ին։ Առաջին տեղում 16-րդ տարին անընդմեջ զբաղեցնում է Շվեյցարիան, որին հաջորդում են Շվեդիան և ԱՄՆ-ն։

Գլոբալ նորարարության ինդեքսը հրապարակվում է 2007 թվականից։ WIPO-ն նշում է, որ տարբեր տարիների դիրքերի համեմատության վրա ազդում են տվյալների թարմացումը և մեթոդաբանության փոփոխությունները։ Վարկանիշում տեղի կորուստը պարտադիր չէ, որ նշանակի բացարձակ ցուցանիշների վատթարացում։

Leave a Comment