ԱԳՄԱՆ-ը չի հստակեցրել Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությունը COP17-ի գագաթնաժողովին

Երևանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովի (COP17) շրջանակում առաջնորդների գագաթնաժողովին գրանցվել է ավելի քան 50 բարձրաստիճան մասնակից, ճեպազրույցում հայտնել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Նա չի հստակեցրել՝ արդյոք Թուրքիան և Ադրբեջանը կմասնակցեն համաժողովին, ինչպես նաև չի նշել COP17-ի կազմակերպման ընդհանուր արժեքը։ Ճեպազրույցի ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ի YouTube ալիքը։

Armenia Today-ը փոխնախարարից հետաքրքրվել է, թե քանի պետության ղեկավար է հաստատել մասնակցությունը գագաթնաժողովին, արդյոք Թուրքիան և Ադրբեջանը ներկայացված կլինեն համաժողովին և ինչ կազմով, ինչպես նաև որքան է կազմել COP17-ի կազմակերպման ծախսը՝ ներառյալ կապալառուներին փոխանցված գումարները։

Աբիսողոմոնյանը պարզաբանել է, որ պետք է տարանջատել առաջնորդների գագաթնաժողովին և ընդհանուր համաժողովին մասնակցությունը։ Նրա խոսքով՝ գագաթնաժողովին գրանցվել է ավելի քան 50 բարձրաստիճան մասնակից, սակայն նա չի նշել, թե նրանցից քանիսն են պետությունների ղեկավարներ։

Նա ձեռնպահ է մնացել մասնակից երկրների անունները հրապարակելուց, քանի որ, նրա խոսքով, ընդունված պրակտիկայի համաձայն՝ պետություններն իրենք են հանրայնացնում իրենց մասնակցության վերաբերյալ տեղեկությունները։ Այս պատճառաբանությամբ պաշտոնյան չի հստակեցրել Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակությունների մասնակցությունը գագաթնաժողովին։

Սակայն նա հաստատել է, որ գագաթնաժողովին կմասնակցի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Փոխնախարարը հույս է հայտնել, որ իրենց մասնակցությունը հաստատած մյուս պետություններն այդ մասին կհայտարարեն ինքնուրույն։

Աբիսողոմոնյանը չի նշել նաև COP17-ի կազմակերպման ընդհանուր արժեքը՝ ներառյալ կապալառուներին վճարված գումարները։ Պատասխանելով Armenia Today-ի հարցի ֆինանսական հատվածին՝ նա հղում է արել Շրջակա միջավայրի նախարարության հրապարակած պարզաբանումներին։

Շրջակա միջավայրի նախարարությունն իր պարզաբանման մեջ հայտնել է, որ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար 2026 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդում նախնական նախատեսվել է 18,5 մլրդ դրամ։ Ըստ նախարարության՝ համաժողովի տարածքներն ընտրել և դրանց վերափոխման, տեխնիկական հագեցվածության, ենթակառուցվածքների ու անվտանգության ապահովման պարտադիր պահանջները ներկայացրել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները։

Թեև կառավարությունը թույլատրել է ծառայությունները ձեռք բերել մեկ անձից գնման ձևով, նախարարությունն իր նախաձեռնությամբ կազմակերպել է հրապարակային նախաորակավորման գործընթաց։ Հայտ ներկայացրած 12 կազմակերպություններից սահմանված պահանջներին համապատասխանել է տասը, որոնց ցանկը փոխանցվել է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարությանը։ Նախարարության պնդմամբ՝ հետագա գնահատումն ու ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը՝ առանց գերատեսչության միջամտության։ Նախարարությունը հերքել է առանց ընտրության գործընթացի կազմակերպություն ընտրելու վերաբերյալ պնդումները։

Աբիսողոմոնյանի խոսքով՝ գնումների գործընթացն իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը, և լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտության դեպքում գերատեսչությունը կարող է հանրությանը ներկայացնել նոր մանրամասներ։

Փոխնախարարը վերահաստատել է, որ COP17-ը ՄԱԿ-ի միջոցառում է, որը հյուրընկալում է Հայաստանը, իսկ գնումների գործընթացն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության սահմանած չափանիշներին համապատասխան։

Ճեպազրույցում ներկայացվել են նաև COP17-ի շրջանակում Հայաստանի նախաձեռնություններն ու քննարկման նախատեսված որոշումների նախագծերը։

Ըստ ԱԳՄԱՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության ներկայացուցչի՝ COP17-ի շրջանակում Հայաստանի նախաձեռնությունները միտված են ոչ միայն երկրի բնապահպանական խնդիրների լուծմանը, այլև գլոբալ օրակարգի առաջմղմանը և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում ստանձնած միջազգային հանձնառությունների կատարման արագացմանը։

Նախաձեռնությունների թվում են կենսաբազմազանության պահպանության այլ արդյունավետ միջոցներ (OECM), որոնք կարող են Հայաստանին օգնել հասնելու Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի երրորդ թիրախին մինչև 2030 թվականը։
[14.10.2026 18:33] Anush Movsisyan: Նրա խոսքով՝ միայն պետական պահպանվող տարածքների միջոցով այդ թիրախի իրականացումը Հայաստանի համար կարող է դժվար լինել, հետևաբար OECM-ների կիրառումը լրացուցիչ հնարավորություն կստեղծի կենսաբազմազանության պահպանության ընդլայնման համար։

Հայաստանի նախագահությամբ առաջ մղվող նախաձեռնություններից է նաև էկոհամակարգերի վրա հիմնված մոտեցումների զարգացումը՝ լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանության և կայուն կառավարման ամրապնդման նպատակով։ Այս նախաձեռնությունը միտված է ինչպես Հայաստանի բնապահպանական խնդիրների լուծմանը, այնպես էլ նմանատիպ աշխարհագրական առանձնահատկություններ ունեցող երկրների խնդիրների լուծմանն աջակցելուն։

Համաժողովի շրջանակում նախատեսվում է քննարկել ավելի քան 30 որոշման նախագիծ, ինչպես նաև Կարտախենայի և Նագոյայի արձանագրություններին վերաբերող շուրջ երկու տասնյակ որոշումներ։

Ազգային ժողովը հոկտեմբերի 12-ին վավերացրել է COP17-ի անցկացման մասին համաձայնագիրը։ Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 3։

Քննարկման ընթացքում ընդդիմությունը քննադատել է բյուջետային միջոցների ծախսումը։ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են գնումների ոչ թափանցիկ ընթացակարգերի ռիսկերի, կապալառուներին խոշոր կանխավճարների և ուռճացված գների մասին։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը ԱԺ-ում հայտնել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը COP17-ի գովազդային արշավի համար կնքել է երեք պայմանագիր՝ ընդհանուր շուրջ 452 մլն դրամի (1,25 մլն դոլար) չափով։ Նրա խոսքով՝ պայմանագրերը կնքվել են մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի, իսկ գումարի 90%-ը փոխանցվել է որպես կանխավճար։

Նույն խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը հոկտեմբերի 13-ին Armenia Today-ին հայտնել է, որ ընդդիմությունը հարցումներ է պատրաստել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ պահանջելով տրամադրել պայմանագրերի ամբողջական տեքստերը։ Մասնավորապես, խոսքը «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ի հետ կնքված գրեթե 11 մլրդ դրամի (շուրջ 30 մլն դոլար) պայմանագրի մասին է, որի ծախսերի մանրամասն կառուցվածքը, ըստ պատգամավորի, չի բացահայտվել։

COP17-ը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 19-30-ը։ Մասնակիցները կքննարկեն կենսաբազմազանության պահպանության միջազգային պարտավորությունների կատարումն ու բնական ռեսուրսների պաշտպանության հետագա քայլերը։

Leave a Comment