Փաստաբանների պալատում այսօր՝ հոկտեմբերի 14-ին փաստաբաններ Աբգար Պողոսյանը, Դավիթ Ավանեսյանը և Հայկ Հարությունյանը ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում բարձրաձայնեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող իրենց վստահորդի՝ Աշոտ Բադալյանի մասնակցությամբ գործի, իրենց դիտարկմամբ խնդրահարույց հանգամանքները։ Պաշտպանները ահազանգում են, որ իրենց վստահորդն արդեն 30 օր հացադուլի մեջ է, իսկ նրա առողջական վիճակը վատթարանում է։
Նրանք պնդում են, որ 2025 թվականի հուլիսի 11-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պատշաճ չեն քննվել, իսկ Բադալյանի նկատմամբ շարունակվող կալանքը այլևս անհրաժեշտ չէ։ Դատարանը, մինչդեռ, սեպտեմբերի 29-ի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգել է ևս երեք ամսով՝ մինչև 2027 թվականի հունվարի 12-ը։
Պաշտպանների խոսքով՝ Բադալյանի հացադուլը պայմանավորված է ոչ թե քրեակատարողական հիմնարկում պահման պայմաններով, այլ առաջադրված մեղադրանքի, գործի քննության ընթացքի և կալանքի տակ շարունակաբար մնալու հետ կապված բողոքով։
«Մենք որդեգրել ենք այն քաղաքականությունը, որ յուրաքանչյուր դեպքում, եթե անձը հացադուլի մեջ լինի, պետք է հարցը կարգավորվի իր նախընտրած ձևով, սակայն այս դեպքում մենք ունենք անձ, որի պահանջը իրոք արդարացի է, և վերջինիս կալանքի տակ մնալը արդեն տևական ժամանակ, գտնում ենք, որ վաղուց նման անհրաժեշտություն չկա»,– հայտարարեց պաշտպան Աբգար Պողոսյանը
Պաշտպանական խմբի ներկայացմամբ՝ Բադալյանի պահանջը գործի քննության արդյունքը կանխորոշելը չէ, այլ այն, որ վարույթի ընթացքում ինքը չշարունակի մնալ կալանքի տակ։
Պաշտպանների հաղորդմամբ՝ օրերս Բադալյանին այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ և ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Հայկ Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ քրեակատարողական հիմնարկում Բադալյանի առողջական վիճակի նկատմամբ իրականացվում է բժշկական հսկողություն, նրան օրական առնվազն երկու անգամ բուժօգնություն է տրամադրվում, իսկ անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է նաև քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելը։
Այսպիսով, պաշտպանական խմբի ներկայացմամբ՝ բարձրացված խնդիրը վերաբերում է ոչ այնքան պահման պայմաններին կամ բժշկական օգնության կազմակերպմանը, որքան կալանքի շարունակման անհրաժեշտությանը և գործի փաստական հանգամանքների գնահատմանը։
Ի՞նչ է տեղի ունեցել 2025 թվականի հուլիսի 11-ին
Մեղադրանքի փաստական նկարագրությունը. Աշոտ Աշոտի Բադալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է ներկայացվել այն հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար, որ նա՝ «ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել ակոսափող հրազեն և դրա համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ինչպես նաև ապօրինաբար կյանքից զրկել է մերձավոր ազգականը հանդիսացող եղբորը՝ Հովհաննես Օլեգի Սուքիասյանին.
Այսպես՝
Աշոտ Աշոտի Բադալյանը չունենալով՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված և իրավասու պետական մարմնի կողմից տրված ակոսափող հրազեն և դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ ձեռք բերելու և պահելու համար թույլտվություն, ապօրինի կերպով ակոսափող հրազեն և դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ ձեռք բերելու, պահելու և կրելու դիտավորությամբ, քննությամբ չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել քրեական վարույթի շրջանակներում չպարզված 5.6 մմ տրամաչափի օղակային բռնկման ակոսափող հրազեն և դրա համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող առնվազն երկու հատ փամփուշտ, որից հետո՝ 2025 թվականի հուլիսի 11-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր 2-րդ զանգվածի 48 թաղամասի 5-րդ այգետնակի մոտակայքում կենցաղային հարցերի այգետնակի բանալին վերցնելու, միմյանց հասցեին անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելու շուրջ վիճաբանել է մերձավոր ազգականը հանդիսացող եղբոր՝ Հովհաննես Օլեգի Սուքիասյանի հետ, որի ընթացքում ապօրինի կրելով վերոնշյալ հրազենը՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ դրանով կրակել է Հովհաննես Սուքիասյանի կենսական կարևոր օրգանների հատվածին՝ կրծքավանդակին, ինչից ստացված կրծքավանդակի հրազենային գնդակային թափանցող ձախից 7-րդ կողոսկրի, ձախ թոքի վերին, ստորին բլթերի վայրէջք աորտայի վնասումներով վնասվածքների հետևանքով տեղի ունեցած ներքին արյունահոսության արդյունքում զարգացած արյունահոսային ցնցակաթվածից Հովհաննես Սուքիասյանը տեղում մահացել է։»:
Պաշտպանների ներկայացմամբ՝ 2025 թվականի հուլիսի 11-ին Բադալյանը քրոջը՝ Նաիրա Բադալյանին, խնդրել է մեկ գիշեր այնտեղ մնալ կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ, քանի որ այդ պահին վարձակալած բնակարանի հետ կապված խնդիր էր առաջացել։
Պաշտպանների խոսքով՝ Բադալյանի և քրոջ որդու՝ Հովհաննես Սուքիասյանի միջև նախկինում լարված հարաբերություններ են եղել։ Նրանց ներկայացմամբ՝ նախկինում միասին իրականացված բիզնես գործունեության ձախողումից հետո Սուքիասյանը Բադալյանին մեղադրել է իր կյանքի անհաջողությունների համար։
Պաշտպանական կողմի վարկածով՝ երբ Սուքիասյանն իմացել է, որ Բադալյանն ընտանիքի հետ բնակություն է հաստատել ամառանոցում, նրանց միջև վիճաբանություն է սկսվել։ Պաշտպանները պնդում են, որ Սուքիասյանը դեպքի վայր է եկել զինված՝ իր մոտ ունենալով ատրճանակ և նռնակ։ Նրանց ներկայացմամբ՝ ատրճանակը վերցնելուց հետո Սուքիասյանը նռնակով շարժվել է դեպի այն տունը, որտեղ գտնվել են Բադալյանի կինը և երեխաները, իսկ Բադալյանը կրակոց է արձակել նրա ուղղությամբ։ Հովհաննես Սուքիասյանը մահացել է։
Պաշտպանները նշում են, որ իրենց ներկայացրած այս նկարագրությունը հիմնված է գործի նյութերի և վկաների ցուցմունքների վրա։ Նրանք պնդում են, որ այդ հանգամանքները վկայում են անհրաժեշտ պաշտպանության առկայության մասին, և քննության ընթացքում իրենց բարձրացրած հարցերը պատշաճ քննության չեն արժանացել։
Միաժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ անհրաժեշտ պաշտպանության առկայության, կրակոցի իրավաչափության և առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության վերաբերյալ վերջնական իրավական գնահատականը պետք է տրվի գործի քննության արդյունքում։
Պաշտպանները պնդում են՝ քննությունը եղել է միակողմանի
Ասուլիսի ընթացքում պաշտպանական խմբի ներկայացուցիչները հայտարարեցին, որ նախաքննության ընթացքում պատշաճ ուշադրություն չի դարձվել Բադալյանի և մահացածի նախկին հարաբերություններին, նրանց միջև եղած հակասություններին, ինչպես նաև դեպքի անմիջական հանգամանքներին։ Պաշտպանների խոսքով՝ Բադալյանը տևական ժամանակ խուսափել է Հովհաննես Սուքիասյանի հետ շփումից։ Նրանք պնդում են, որ նաև դեպքի օրը Բադալյանը փորձել է խուսափել նրա հետ առնչվելուց, իսկ ամառանոցի բանալիները ստացել է այնպես, որ Սուքիասյանի հետ հանդիպում չլինի։
Պաշտպանական խմբի հավաստմամբ, գործով առկա են ականատեսների ցուցմունքներ, որոնք, իրենց գնահատմամբ, հաստատում են անհրաժեշտ պաշտպանության վարկածը։ Նրանց խոսքով՝ մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ կողմերի նախկին հարաբերությունները և միջադեպից առաջ հնչած ենթադրյալ սպառնալիքները, պատշաճ քննության չեն ենթարկվել։
Պաշտպանները նշել են նաև, որ, իրենց պնդմամբ, դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ Բադալյանի գենետիկական նմուշները չեն հայտնաբերվել համապատասխան հրազենի փամփուշտների վրա։ Նրանք այդ հանգամանքը ներկայացնում են որպես զենքի հետ նրա կապը վիճարկող փաստարկ։ Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ այդ ապացույցը պետք է հաշվի առնվեր նաև զենքի ապօրինի շրջանառությանն առնչվող մեղադրանքի գնահատման ժամանակ։
Նռնակի հայտնաբերման հետ կապված առանձին վարույթը
Դատարանը կալանքի երկարաձգման հարցը քննելիս նշել է, որ նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ ենթադրյալ ապացույց կեղծելու փորձ է կատարվել։ Iravaban.net-ի հարցին ի պատասխան պաշտպան Հարությունյանը նշեց, որ խոսքը նռնակի գտնվելու վայրի մասին է։
Նրա խոսքով՝ Բադալյանը ցուցմունքներում մանրամասն տեղեկություններ է հայտնել նռնակի հնարավոր գտնվելու վայրի մասին։Սկզբնական որոնումների ընթացքում նռնակը չի հայտնաբերվել, սակայն հետագայում՝ ցուցմունքի տեղում ստուգման քննչական գործողության ընթացքում, արտակարգ իրավիճակների ոլորտի աշխատակիցների մասնակցությամբ իրականացված որոնումների արդյունքում այն հայտնաբերվել է։
Նռնակի հայտնաբերման հանգամանքների կապակցությամբ առանձին վարույթ է նախաձեռնվել, սակայն, իրենց տեղեկություններով, Բադալյանը այդ վարույթում մեղադրյալի կարգավիճակ չունի և հարցաքննվել է որպես վկա։
Նրանք վիճարկում են այդ հանգամանքը կալանքի շարունակման հիմնավորումներից մեկը դարձնելու մոտեցումը՝ պնդելով, որ Բադալյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, իսկ ենթադրյալ ապացույց կեղծելու վերաբերյալ մեղադրանք նրան չի առաջադրվել։
Ի՞նչ հիմքերով է դատարանը երկարաձգել կալանքը
Աշոտ Բադալյանի կալանքի ժամկետի հարցը քննարկվել է 2026 թվականի սեպտեմբերի 29-ին։ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է կալանքը երկարաձգել ևս երեք ամսով՝ մինչև 2027 թվականի հունվարի 12-ը։
Դատարանի որոշման համաձայն՝ շարունակվել են առկա լինել դատավարությանը խոչընդոտելու և փախուստի դիմելու ռիսկերը։ Դատարանը կարևորել է այն հանգամանքը, որ ապացույցների հետազոտումն ավարտված չէ, և գործով դեռևս չեն հարցաքննվել բոլոր վկաները։ Դատարանի գնահատմամբ՝ գործի մասնակիցների միջև առկա հարաբերությունների համատեքստում պահպանվում է նրանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու վտանգը։
Դատարանը նաև իրատեսական է համարել փախուստի դիմելու ռիսկը՝ հաշվի առնելով մեղադրանքի բնույթը և հնարավոր պատժի ծանրությունը։ Որոշման մեջ նշվել է, որ նախկինում մատնանշված ռիսկերը նվազեցնելու կամ չեզոքացնելու վերաբերյալ նոր փաստական տվյալներ չեն ստացվել, իսկ այլընտրանքային խափանման միջոցները, այդ թվում՝ համակցված կիրառման դեպքում, բավարար չեն համարվել։
Պաշտպանական խումբը, սակայն, պնդում է, որ կալանքի շարունակման հիմնավորումները բավարար չեն։ Նրանց գնահատմամբ՝ գործով արդեն առկա են ապացույցներ, որոնք նվազեցնում են դատավարությանը խոչընդոտելու վտանգը, իսկ վկաների ցուցմունքների դեպոնացման հանգամանքը լրացուցիչ հիմք է տալիս կասկածի տակ դնելու այդ ռիսկի շարունակականությունը։
Պաշտպանները նաև ընդգծում են, որ տուժողի՝ գործով մահացած Հովհաննես Սուքիասյանի ծնողները, որոնք նույնպես վկաներ են, ցուցմունքներով հաստատել են միջադեպի վերաբերյալ իրենց նկարագրած հիմնական հանգամանքները։
Պաշտպանները պահանջում են վերանայել խափանման միջոցը
Պաշտպանական խմբի հիմնական պահանջն այն է, որ Բադալյանի նկատմամբ կալանքը չշարունակվի, և գործի քննության ընթացքում կիրառվի այլընտրանքային խափանման միջոց։ Նախորդ դատական քննարկման ժամանակ պաշտպանությունը, ըստ դատարանի որոշման, առաջարկել է նաև տնային կալանքի և գրավի կիրառման տարբերակները։
Դատարանի որոշման մեջ արձանագրված է նաև, որ 2026 թվականի սեպտեմբերի 29-ի նիստում տուժողը չի առարկել տնային կալանքի կիրառմանը՝ հղում անելով մեղադրյալի ընտանիքի ծանր վիճակին։
Պաշտպանները պնդում են, որ երկարատև կալանքը, իրենց վստահորդի հացադուլը և առողջական վիճակի վատթարացումը պահանջում են հարցին անհատական մոտեցում ցուցաբերել։ Նրանց խոսքով՝ անձի ազատության սահմանափակումը չպետք է շարունակվի միայն այն ակնկալիքով, որ գործի բոլոր հանգամանքները վերջնականապես կպարզվեն դատարանում՝ առանց կալանքի անհրաժեշտության պարբերաբար և բավարար հիմնավորմամբ գնահատման։
Աշոտ Բադալյանի գործով հաջորդ հիմնական դատական նիստը նշանակված է 2026 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին։