Անշարժ գույքի շուկան թրենդի և ռիսկերի միջև. ռեկորդային աճի ու գների բարձրացման տնտեսական hետնաբեմը

Վիճակագրական վերջին տվյալներով՝ շինարարության ոլորտում արձանագրվել է շուրջ 25 տոկոս աճ, իսկ բնակարանաշինության ծավալներն արդեն անցնում են պատմական ամենաբարձր ցուցանիշները։ Շինարարության ակտիվությանը զուգահեռ՝ առաջարկի և պահանջարկի մեծ ծավալներ են գրանցվում նաև անշարժ գույքի և հիպոթեկային վարկավորման շուկաներում։ Բնակարան ձեռք բերելը դարձել է թրենդային, սակայն սրան զուգահեռ բարձրանում են գները՝ առաջացնելով մատչելիության խնդիրներ, իսկ ցեմենտի շուկայում նկատվող տատանումները լրացուցիչ ռիսկեր են ստեղծում մատակարարումների համար։ Ի՞նչ գործոններով է պայմանավորված այս ամենը, ինչպե՞ս է շուկան ադապտացվում եկամտային հարկի վերադարձի ծրագրի փոփոխություններին և ի՞նչ քայլեր են արվում գերտաքացումից խուսափելու համար։

Հայաստանում շինարարական բումը պահպանվում է։ Սա փաստում է նաև վիճակագրությունը։ Ոլորտում հունվար –օգոստոսին աճը կազմել է 24․7 տոկոս, միայն օգոստոսին տարեկան կտրվածքով՝ 23․8 տոկոս։ Շինարարության աճին աջակցող գործոններից մասնագետները առանձանցնում են վարկավորման, այդ թվում հիպոթեկային վարկավորման և ներդրումային ակտիվության աճը։ Շինարարության աճին զուգահեռ բարձր ակտիվություն է արձանագրվում նաև անշարժ գույքի շուկայում և հիպոթեկային շուկայում՝ ընդգծում է տնտեսագետ Մերի Բոյաջյանը․

«Առկա է ոչ միայն առաջարկի, այլ պահանջարկի ակտիվություն։ Հետևաբար այս փուլում շինարարության աճը կարելի է դիտարկել որպես ներդրումային, ինչպես նաև տնտեսական ակտիվություն»։

Գործադիրում արձանագրում են՝ իրականացվող բնակարանաշինական ծրագրերը գերազանցել են անցած բոլոր տարիների տեմպերը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյան․

 «ՀՀ–ում բնակարանաշինության ամենամեծ ծավալներն իրականացվել են 1985-1986 թվականներին։ Իսկ 2025 թվականին մենք գրեթե 80 տոկոսով գերազանցել ենք ՀՀ-ում բնակարանաշինության ծավալները՝ համեմատած այդ ժամանակաշրջանի հետ։ Եթե 1,2-1,3 մլն քառ․ մ է կատարվել այն ժամանակ շինարարությունը, ապա 2025 թվականին՝ ավելի մեծ ծավալով»։

Առաջարկ պահանջարկի սկբունքից ելնելով էլ  անշարժ գույքի գները շարունակում են աճել։ Փորձագետները այստեղ կարևորում են մի քանի գործոն, որոնց հատկապես պետք է ուշադրություն դարձնել․ հետևել շինարարության ծավալների աճին, բնակարանների գներին, վարձակալության վճարներին, ինչպես նաև բնակչության եկամուտների հարաբերակցությանը։

Տնտեսագետ Մերի Բոյաջյան․ «Եթե գների աճը շարունակվի ու գերազանցի եկամուտների աճը, ապա բնակարանների մատչելիության խնդիրը կարող է ավելի ընդգծվել» ։

Անշարժ գույքի շուկայի վերլուծության համար նոր գործիքակազմ կներդրվի՝ խոստանում է Կադաստրի կոմիտեի ղեկավարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքում է․

«Անշարժ գույքի շուկան ադապտացիայի տիպիկ օրինակ է ցույց տալիս։ 2026 թ․ հունվարի 1–ից եկամտային հարկի վերադարձի հետ կապված ծրագիրը դադարեցվեց, դրա հետ կապված կային որոշ մտահոգություններ։ Բայց մենք տեսնում ենք, որ 2026 թ․ անշարժ գույքի շուկան առավել, քան ակտիվ է։ Սա ուրախալի փաստ է։ Այսօր ՀՀ–ում և, մասնավորապես, Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային»։

Ցեմենտի շուկայի տատանումները նույնպես պետք է դիտարկել որպես հնարավոր ծախսային և մատակարարման ռիսկ ոլորտի համար՝ ասում է Մերի Բոյաջյանը։ Սակայն այդ գործոնը, ըստ տնտեսագետի, դեռևս չի նշանակում, որ շինարարության աճը կայուն չէ։ Հետևաբար, այստեղ կարևոր է խոսել ռիկսերի մշտադիտարկման անհրաժեշտության մասին․

«Բացի այդ, ցեմենտի շուկայում լոգիստիկ սահմանափակումների վերացման նպատակով կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նպատմամբ սահմանափակումները հանվել են։ Ռիսկերը նկատվում են, և համապատասխան արձագանք տրվում է»։

Փորձագիտական դաշտում ընդգծում են՝ գործիքներ կան, որոնց միջոցով հնարավոր է կանխել անշարժ գույքի շուկայի գերտաքացումը, ինչպես նաև ֆինանսական ռիսկերի կուտակումը։

Leave a Comment