Նախագահ Քոչարյանի՝ թվով չորրորդ ապօրինի կալանավորումը և այս ապօրինի քրեական գործը որևէ պարագայում չեն կարող նորմալ ու առօրյա երևույթ դառնալ քաղաքական դաշտի մասնակիցների համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը։
«Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում Արցախի և Հայաստանի նախագահի ապօրինի քրեական հետապնդումը չի դադարեցվել, քաղաքական կյանքի բնականոն ընթացքի մասին խոսելը կլինի ավելորդ շահարկում»։
Նրա խոսքով՝ քաղաքական հետապնդման առաջին ցուցիչներից մեկն այն է, որ քաղաքական գործիչը զրկվում է իր գործունեությունն իրականացնելու հնարավորությունից՝ առանց դրա վերաբերյալ դատական որևէ ակտի։
Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի հրահանգով է իրականացվում՝ ընդգծելով, որ կալանավորման միջնորդությունների և որոշումների տակ վարչապետի ստորագրությունը չկա։
«Վաղը, մյուս օրը, մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը մեծ սիրով ասելու է՝ ես չկամ, իմ անուն-ազգանունը դրա տակ չկա։ Դրա տակ՝ այդ ապօրինի միջնորդությունների ու որոշումների տակ, կան կոնկրետ անուններ և ազգանուններ՝ Աննա Վարդապետյան, Ծովակ Մնացականյան, վճիռները կայացնող դատավորներ»,– ասել է Միկոյանը։