Ավստրալացի պատգամավորը հայ երիտասարդների դիմումից հետո կոչ է արել ազատել գերիներին

Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Թիմ Ուիլսոնը հոկտեմբերի 12-ին երկրի կառավարությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող 19 հայերի ազատ արձակման ուղղությամբ։ Նրա խորհրդարանական ելույթին նախորդել էր հանդիպումը հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչների հետ, հայտնել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU)։

Ավստրալիայի հայ համայնքի չորս երիտասարդներ Ուիլսոնի հետ հանդիպել են Youth Advocates ծրագրի շրջանակում, որի նպատակն է երիտասարդներին ներգրավել հասարակական-քաղաքական գործունեության մեջ։ Նրանք պատգամավորին խնդրել են աջակցել հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանը։

Խորհրդարանում ելույթի ժամանակ Ուիլսոնը թվարկել է Ադրբեջանում պահվող բոլոր 19 հայերի անունները, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անունները։

Պատգամավորը կասկածի տակ է դրել նրանց առաջադրված մեղադրանքների հիմնավորվածությունը և Ավստրալիայի արտաքին գործերի նախարարին կոչ արել դիվանագիտական քայլեր ձեռնարկել նրանց ազատ արձակման համար։

Հայկական արմատներ ունեցող Ուիլսոնը հիշել է նաև 2023 թվականի սեպտեմբերին Հայաստան կատարած այցը։ Այդ ժամանակ նա Հայաստանում էր՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման օրերին, և Գորիսում անձամբ ականատես էր Արցախից բռնի տեղահանված տասնյակ հազարավոր հայերի ժամանմանը։

ANC-AU-ի քաղաքական տնօրեն Սեբաստիան Մաջարյանը պատգամավորի ելույթը համարել է օրինակ, թե ինչպես կարող են երիտասարդական նախաձեռնություններն ազդել խորհրդարանական օրակարգի վրա։ Նա հույս է հայտնել, որ Ուիլսոնի կոչը կխթանի Ավստրալիայի իշխանություններին ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել հայերի ազատ արձակման ուղղությամբ։

Ուիլսոնն այս հարցին անդրադարձել էր նաև նախկինում։ 2026 թվականի հունվարին նա ավստրալացի այլ խորհրդարանականների հետ դիմել էր արտաքին գործերի նախարար Փենի Վոնգին՝ կոչ անելով աջակցել Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակմանը։

Հոկտեմբերի 8-ին Եվրախորհրդարանը նույնպես պահանջել էր անհապաղ և անվերապահ ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդներին։ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ էին արել ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերությունների հետագա խորացումը պայմանավորել մարդու իրավունքների վիճակի բարելավմամբ։

Leave a Comment