Սաուդյան Արաբիայի զինված ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում 104 հարված են հասցրել Եմենի տարածքին։ Այս մասին հայտարարել է «Անսար Ալլահ» ապստամբական շարժման ներկայացուցիչ, հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
Սարիան իր տելեգրամյան ալիքում գրել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի ռազմական ավիացիան «104 ավիացիոն և հրթիռային հարված է հասցրել»։ Նրա խոսքով՝ հարվածների թիրախում են հայտնվել քաղաքացիական օբյեկտներ մայրաքաղաք Սանայում, ինչպես նաև Ամրան, Դամար, Լահջ, Մարիբ, Սադա, Թաիզ, Հոդեյդա և Ալ-Ջաուֆ նահանգներում։
Հութիների ներկայացուցիչը հավելել է, որ «էսկալացիայի սկզբից» հասցված հարվածների ընդհանուր թիվը հասել է 2281-ի։
Իր հերթին՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող SABA գործակալությունը հայտնել է Հոդեյդա նահանգին հասցված հարվածի հետևանքով զոհերի մասին։ Սանայի առողջապահության նախարարության նախնական տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի ավիացիայի՝ Ռաս Իսա շրջանում գտնվող նավթային ընկերության օբյեկտին հասցրած հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։
Ավելի վաղ Al Arabiya և Al Jazeera հեռուստաալիքները հաղորդել էին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի՝ Հոդեյդայում հութիների ռազմական մատակարարումների պահեստներին հասցրած հարվածների մասին։ Բացի այդ, ապստամբները հայտարարել էին Սանայի արևմուտքում գտնվող նավթային ընկերության օբյեկտի վրա հարձակման մասին։
Դրանից առաջ կոալիցիան խաղաղ բնակիչներին կոչ էր արել լքել այդ ձեռնարկության տարածքը։ Ի պատասխան՝ հութիները սպառնացել էին պատասխան հարվածներ հասցնել Էր Ռիադին և Սաուդյան Արաբիայի պետական Saudi Aramco ընկերության օբյեկտներին։