Հայաստանի կառավարությունը չի մասնակցելու արցախցիների՝ միջազգային կոնվենցիաներով նախատեսված իրավունքների իրացմանը, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով Արցախում մնացած գույքի նկատմամբ իրավունքների պաշտպանության մասին հարցին։ Նա ելույթ է ունեցել Ազգային ժողովում արցախցիների ներկայացուցիչների հետ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության կազմակերպած հանդիպմանը։
Քննարկման ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մասնակցել քննարկմանը։ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը դա բացատրել է նրանով, որ հանդիպումը նախաձեռնել է իշխող խմբակցությունը, ոչ թե խորհրդարանն ամբողջությամբ։
Մասնակիցները քննարկել են արցախցիների գույքային իրավունքները, բնակարանային ապահովման ծրագիրը, քաղաքացիություն ստանալու և փաստաթղթային խնդիրները։
Միջազգային իրավունքն ու Արցախում մնացած գույքը
«Վերածնվող Արցախ» հասարակական կազմակերպության ղեկավար Անաստաս Իսրայելյանը բարձրացրել է բռնի տեղահանվածների կարգավիճակի և միջազգային հարթակներում նրանց գույքային իրավունքների պաշտպանության հարցը։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս կարգավիճակը թույլ չի տալիս լիարժեք պաշտպանել Արցախում մնացած, այդ թվում՝ սերնդեսերունդ փոխանցված ունեցվածքի նկատմամբ իրավունքները։
«Մենք չենք տեղահանվել երկրաշարժից, ջրհեղեղից, այլ բռնի ուժի կիրառումից։ Մարդիկ պետք է հստակ կարգավիճակ ունենան»,- ասել է Իսրայելյանը։
Նա պնդել է, որ կարգավիճակը պետք է արտացոլի տեղահանման պատճառը՝ տեղի ունեցածը բնորոշելով որպես ցեղասպանության պայմաններում բռնի ուժի կիրառմամբ տեղահանում։ Իսրայելյանի խոսքով՝ հազարավոր արցախցիների մտահոգում է իրենց ունեցվածքի ճակատագիրը։
Թորոսյանն ի պատասխան հայտարարել է, որ կառավարության քաղաքականության նպատակը բռնի տեղահանվածների՝ Հայաստանում վերջնական հաստատվելը, բնակարանով ապահովվելը և ՀՀ քաղաքացիություն ստանալն է։ Նախարարի խոսքով՝ կառավարության բոլոր քայլերն ուղղված են այդ նպատակին։
Նա հավելել է, որ արցախցիները կարող են իրենց իրավունքներն այլ ճանապարհներով իրացնել, սակայն կառավարությունը դրան չի մասնակցելու։
«Իհարկե, դա չի նշանակում, որ մեր հայրենակիցները չեն կարող իրենց իրավունքներն այլ կերպ իրացնել, այլ իրավունքներ՝ միջազգային կոնվենցիաներով և այլն, բայց մենք դրան մասնակցություն չենք ունենալու։ Դա շատ պարզ է, և մենք անկեղծ և ուղիղ ասել ենք մեր հայրենակիցներին», – հայտարարել է Թորոսյանը։
Բնակարանային ծրագիրն ու գների աճը
Թորոսյանի խոսքով՝ բնակարանային ապահովման ծրագրով հազարավոր ընտանիքներ բնակարան են ձեռք բերել, իսկ մյուսները ստացել են համապատասխան սերտիֆիկատներ։
Նախարարն ընդունել է, որ բնակարանների հասանելիության խնդիր կա։ Նրա գնահատմամբ՝ պետական ծրագիրը նաև նպաստում է անշարժ գույքի թանկացմանը, քանի որ պետական միջոցներով լրացուցիչ պահանջարկ է ձևավորում։
«Նաև այսպիսի ծրագրերն են խթանում, որպեսզի բնակարանները թանկանան, որովետև մենք պահանջարկ ենք հավելյալ ձևավորում, ըստ էության, պետական միջոցներով, և առաջարկը համապատասխանեցվում է դրան, գները բարձրացնում են», – ասել է նա։
Թորոսյանը նաև նշել է, որ որոշ վաճառողներ տարբեր գներ են առաջարկում՝ կախված նրանից՝ բնակարանը հավաստագրով են գնում, թե կանխիկով։ Նրա խոսքով՝ երևանամերձ համայնքներում խնդիրը միայն գինը չէ․ երկրորդային շուկայում վաճառքի բնակարանների պակաս կա։
Նախարարն առաջարկել է բնակարան փնտրել նաև մայրաքաղաքից ավելի հեռու գտնվող բնակավայրերում։ Նա հիշեցրել է, որ գարնանը երևանամերձ համայնքներում աջակցության չափը 3 մլն դրամից դարձել են 4 մլն դրամ։ Նրա խոսքով՝ փոփոխությունը հետադարձ ուժ է ունեցել՝ տարածվելով նաև նախկինում աջակցություն ստացած շահառուների վրա։ Ավելի հեռու գտնվող որոշ բնակավայրերում ծրագիրը նախատեսում է 5 մլն դրամի աջակցություն։
Թորոսյանը նշել է, որ կառավարությունը մարզերում դպրոցներ, մանկապարտեզներ և ճանապարհներ է կառուցում՝ նպաստելու բնակչության ապակենտրոնացմանը։ Նա ընդունել է, որ տարբեր համայնքներում աշխատանքի հնարավորությունները տարբերվում են, սակայն պնդել է, որ աշխատել ցանկացող մարդը Հայաստանում կարող է աշխատանք գտնել։ Որպես հիմնավորում՝ նախարարը վկայակոչել է աշխատանքային ներգաղթը։
Նա նաև նշել է, որ բնակարանների և վարձավճարների թանկացումը վերաբերում է ոչ միայն տեղահանվածներին, այլև Հայաստանի մյուս բնակիչներին։
Աջակցության չափն ավելացնելու որոշում չկա
Հանդիպումից հետո Թորոսյանը լրագրողներին հայտարարել է, որ բնակարան ձեռք բերելու համար նախատեսված աջակցության չափն այս պահին չեն նախատեսում բարձրացնել։
Նրա խոսքով՝ 2027 թվականի բյուջեում նախատեսված է ինչպես արդեն տրամադրված, այնպես էլ նոր տրամադրվող հավաստագրերի ֆինանսավորումը։ Արցախցիների ներկայացուցիչներն առաջարկել են փոփոխել ծրագրի պայմանները։
«Մենք մեր գործընկերներից ստացանք առաջարկներ՝ շտկումներ անելու ծրագրերում, որոնք կդիտարկենք, բայց գումարի բարձրացման որոշում չկա այս պահին», – ասել է նախարարը։
Անդրադառնալով ընդդիմության՝ ծրագիրը ձախողելու մասին քննադատությանը՝ Թորոսյանը վկայակոչել է հավաստագրեր ստացած և իրացրած հազարավոր ընտանիքների թիվը։ Նա միաժամանակ ընդունել է, որ երկու գործընթացներում էլ խնդիրներ են առաջանում։
Նախարարի խոսքով՝ որոշ առաջարկների առնչությամբ կառավարությունը պատրաստ է քննարկել փոփոխություններ, իսկ մյուսների դեպքում ռիսկեր է տեսնում։
Ավելի քան 45 հազար արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը լրագրողներին հայտնել է, որ գերատեսչությունն արցախցիներից ստացել է ՀՀ քաղաքացիություն ստանալու ավելի քան 53 հազար դիմում։ Քաղաքացիություն արդեն ստացել է ավելի քան 45 հազար մարդ։
Նրա խոսքով՝ հիմնական խոչընդոտներից մեկը անհրաժեշտ փաստաթղթերի, մասնավորապես՝ ծննդյան վկայականների բացակայությունն է։ Ղազարյանը պարզաբանել է, որ առանց այդ փաստաթղթի հնարավոր չէ ձևակերպել քաղաքացիության շնորհման գործը։
Փաստաթղթային խնդիրները լուծելու համար արդեն կիրառվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը նոտարական կարգով հաստատելու մեխանիզմը։ Փոխնախարարի խոսքով՝ այն ավելի պարզ ընթացակարգ է և համապատասխան դեպքերում թույլ է տալիս հարցը լուծել առանց դատարան դիմելու։
Արդարադատության նախարարությունը նաև օրենսդրական նախաձեռնություն է պատրաստել՝ համապատասխան պետական տուրքերից ազատելու համար։
Թորոսյանն իր հերթին նշել է, որ քաղաքացիության գործընթացում խնդիրները միայն դիմումների քննության ժամկետների հետ չեն կապված։ Նրա խոսքով՝ որոշ արցախցիներ չեն ցանկանում քաղաքացիություն ստանալ՝ կարծելով, որ դա կարող է սահմանափակել իրենց իրավունքներն ու հնարավորությունները, իսկ մյուսները նման որոշում են ընդունում անձնական պատճառներով։
Նախարարը հերքել է քաղաքացիություն ստանալու հնարավոր բացասական հետևանքների մասին այդ մտահոգությունները և հորդորել ՀՀ քաղաքացիություն ստանալ ու օգտվել բնակարանային ծրագրից՝ դրա չափանիշներին համապատասխանելու դեպքում։
Ինչո՞ւ ընդդիմությանը թույլ չեն տվել մասնակցել
Բաղդասարյանը լրագրողներին պարզաբանել է, որ Իսրայելյանի դիմումն ուղղված էր խորհրդարանական երեք խմբակցություններին, և յուրաքանչյուրն առանձին քննարկում կազմակերպելու հնարավորություն ուներ։
Նա ընդդիմադիր պատգամավորների մասնակցության հարցը համեմատել է ՔՊ խմբակցության նիստին մասնակցելու հետ։
«Սա խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպված քննարկում է։ Դա նույնն է, թե մեր ընդդիմադիր գործընկերները գան մեր խմբակցության նիստերին մասնակցեն», – ասել է Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ համատեղ քննարկում կազմակերպելու առաջարկ չեն ստացել և չեն մերժել։ Իսրայելյանի հետ հանդիպումից հետո ՔՊ-ն նախաձեռնել է քննարկումը, արցախցիների ներկայացուցիչների հետ համաձայնեցրել մասնակիցների ցանկը և հրավիրել գործադիրի ներկայացուցիչներին։
Բաղդասարյանը հավելել է, որ ընդդիմադիր պատգամավորները նույնպես կարող են հանդիպումներ կազմակերպել, նախարարներին ու փոխնախարարներին հրավիրել, գրավոր հարցումներ և հարցապնդումներ ներկայացնել։
Նրա խոսքով՝ բարձրացված սոցիալական խնդիրների շուրջ պայմանավորվել են լրացուցիչ քննարկում անցկացնել։ Որոշ առաջարկների իրագործման համար կարող են օրենսդրական փոփոխություններ պահանջվել։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնատեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
