Երևանի Շինարարների փողոցում վաղ առավոտից շարունակվել են մայթերին ապօրինի տեղակայված կրպակների և խանութների ապամոնտաժման աշխատանքները։
Քաղաքապետարանի որոշմամբ տարածքները պետք է վերադարձվեն հանրային օգտագործման։
Ապամոնտաժման աշխատանքներին նախորդել էր տնտեսվարողների բողոքի ակցիան։ Իսկ երեկ ուշ երեկոյան մեկնարկելիք աշխատանքները հետաձգվել էին, քանի որ կրպակատերերը թույլ չէին տվել քանդող տեխնիկայի աշխատանքը։
Տարածքում էր նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, որը վիճաբանության մեջ էր մտել Աջափնյակի վարչական ղեկավար Սերոբ Սարգսյանի հետ․
«Երեկ նրան անվանեցի բուդկաների պաշտպան, բայց մեծ կարծիք ունեի իր մասին։ Գիշերը պարզվեց՝ ինչու է աղմկում Մեսրոպ Մանուկյանը։ Էս շարքի վերջում՝ նույն ճանապարհի վրա, մայթի հաշվին կա կառուցված բենզալցակայան, որը, պարզվեց, պատկանում է Մեսրոպ Մանուկյանի աներոջը՝ վկայականով գրանցված է իր աներորդու անունով՝ Առաքելյան Դավիթ Սասունի»։
Թաղապետը նաև ընդգծում է, որ Շինարարների փողոցում ինքնակամ կառույցների ապամոնտաժումը նոր գործընթաց չէ։
«Մենք էս փողոցում մեկ ամիս առաջ քանդել էինք շուրջ 40 շինություն։ Մեսրոպ Մանուկյանը չի եղել։ Քաղաքում ամեն օր քանդվում են ինքնակամ շինություններ, տարածքները վերադարձվում են քաղաքացիներին Մեսրոպ Մանուկյանը չի եղել»։
Քաղաքապետարանը հիմնավորում է՝ մայթերին և կանաչապատման համար նախատեսված տարածքներում կառուցված մի շարք շինություններ ապօրինի են։ Ըստ Սերոբ Սարգսյանի՝ տարիների ընթացքում որոշ կառույցներ ընդլայնվել են՝ վերածվելով ինքնակամ շինությունների։
«Կանաչապատման համար նախատեսված տարածքներում կառուցված են շինություններ, որոնք տարիներ շարունակ եղել են, և տարիներ շարունակ եղել է աջափնյակցու արդարացի պաահանջ, որ իշխանությունները դրանք վերադարձնեն իրենց»:
Քաղաքային տարածքների օգտագործման հարցը քննարկվում է նաև անվտանգության, սանիտարական վիճակի և բնակիչների շահերի տեսանկյունից։ Քաղաքացիներից մեկը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց՝ դեմ է բնակելի շենքերի հարևանությամբ բենզալցակայանի առկայությանը
– Կո՞ղմ եք, որ շենքերի հարևանությամբ բենզալցակայան գործի։
– Չէ, կողմ չեմ, դեմ եմ, բայց․․․
«Բան չունեմ ասելու՝ համաձայն եմ։ Մի կարծեք, որ դեմ եմ մեկը հինգ տեղ ունենա, ամեն մեկից ամեն ամիս 500 հազար փող վերցնի․ դա չի մտնում պետբյուջե, հասկանում եմ: Ընդունում եմ նաև էս ծառերը, դաժե տուգանել եմ տվել․ հետևն աղբ են վառել, խանութի ողջ աղբն էդ տարածքում վառել են։ Աղբատարները հանեցին-շպրտեցին, իբր խանգարում էր իրենց: Պետք է փողոցն անցնեմ, որ աղբ թափեմ»։
Հատկանշական է, որ ավագանու մի շարք ընդդիմադիր անդամներ կողմ են տարածքն ապօրինի շինություններից ազատելու գործընթացին։ Նման կարծիք հայտնել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբաթյանը։
«Ես Աջափնյակի գործողությունները լիովին ողջունում եմ․ էնտեղ տխրահռչակ թաղապետ Ծիվո կար, նրա ժառանգությունն է էդ ամեն ինչը»։
Հոկտեմբերի 12-ի գործակարգավարական նիստում էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել էր՝ հասկանում է այն քաղաքացիների մտահոգությունները, որոնց համար կրպակները եկամտի աղբյուր և աշխատատեղ են եղել։ Միաժամանակ, նրա խոսքով, հանրային շահը գերակա է մասնավոր շահի նկատմամբ։
Մինչ այդ, վարչական շրջանի ղեկավարն ասում է՝ կրպակների վարձակալներին կաջակցեն այլ տարածքներ գտնելու հարցում, իսկ շինությունների սեփականատերերի հետ կքննարկեն փոխհատուցման հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
