
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողարվեստների թանգարանում հոկտեմբերի 26-ից բացվում է «Արհեստների հետքերով․ աշնանային դպրոցը»։ 7- 13 տարեկան երեխաները հինգ օր շարունակ կարող են ծանոթանալ հինգ տարբեր արհեստների։
Թանգարանի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Աստղիկ Մախսուդյանը և ծրագրերի վարող-պատասխանատու Մարինե Ղարիբյանը կարևորում են ժողարվեստների հանրայնացումը ոչ միայն Երևանում, այլև մարզերում, որտեղ ևս կան ու երեխաների հետ աշխատում են տարբեր արհեստների տիրապետող հմուտ վարպետներ։


Նրանք գտնում են, որ հատկապես մարզերում, տիրապետելով այս կամ այն արհեստին, կանայք կարող են նաև լրացուցիչ ֆինանսական միջոցներ վաստակել և բարելավել իրենց ընտանիքի նյութական վիճակը։
Դրան մեծապես կարող են նպաստել տարբեր վայրերում կազմակերպվող ցուցահանդես-վաճառքները, որտեղ վարպետները կարող են ներկայացնել ու վաճառել իրենց աշխատանքները՝ պայուսակներ, գորգեր, թաղիքե իրեր, տիկնիկներ և ասեղնագործություններ։
Այսօր աշխարհի բոլոր երկրներում էթնոմշակույթը մեծ տարածում ունի, և չափազանց կարևորվում է դրա պահպանումն ու զարգացումը։