Նախագիծն ընդունված է՝ քաղաքապետի, փոխքաղաքապետերի աշխատավարձերը համարյա կրկնակի կբարձրանան

Երևանի ավագանին ընդունեց քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի պաշտոնյաների, համայնքային ծառայողների և մի շարք այլ աշխատակիցների պաշտոնային ամսական դրույքաչափերը հաստատելու նախագիծը։

Ընդդիմությունը հակադարձում է, որ թաղապետարաններում շարքային աշխատողների աշխատավարձերը չեն բարձրանում, համայնքային աշխատողի ուսերին է ծանրացել բուն, «սև» աշխատանքը, սակայն բարձրանում է բարձր պաշտոնյաների՝ առանց այդ էլ բարձր աշխատավարձը։

Նախագծով նախատեսվում է հաստատել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, համայնքային ծառայողների, տեխնիկական սպասարկում իրականացնող և պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող անձանց պաշտոնային ամսական դրույքաչափերը։

Ըստ այդմ՝

Քաղաքապետ՝ 1,320,000-ից՝ 2,080,000 դրամ, աճը՝ 760,000 դրամ

Քաղաքապետի առաջին տեղակալ՝ 1,020,000-ից՝ 1,913,600 դրամ, աճը՝ 893,600 դրամ

Քաղաքապետի տեղակալ՝ 952,000-ից՝ 1,830,400 դրամ, աճը՝ 878,400 դրամ

Վարչական շրջանի ղեկավար՝ 850,000-ից՝ 1,248,000 դրամ, աճը՝ 398,000 դրամ

Քաղաքապետի խորհրդական՝ 629,000-ից՝ 915,200 դրամ, աճը՝ 286,200 դրամ

Վարչական շրջանի աշխատակազմի հավաքարարի աշխատավարձն ընդամենը 47,840 դրամով է բարձրանում

Ավագանու ընդդիմադիր խմբակցություններն առաջարկեցին հարցը քննարկել որպես զեկուցվող, սակայն քվեարկության արդյունքում որոշվեց նախագիծը թողնել չզեկուցվող հարցերի փաթեթում։

Նախագիծն ընդունվեց 36 կողմ, 17 դեմ և 6 ձեռնպահ ձայներով։

Leave a Comment