Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Երևանի ավագանու հոկտեմբերի 13-ի նիստում առաջարկ է հնչել աշխատավարձերի հաշվարկման գործակիցների սահմանման հարցը դարձնել զեկուցվող՝ քննարկելու համար տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի միջև առկա տարբերությունները։
Նիստի ընթացքում «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն նշել է, որ աշխատավարձերի հաշվարկման գործակիցների սահմանման հարցը պետք է քննարկվի ավելի մանրամասն՝ հասկանալու համար, թե ինչու են տարբեր աշխատավարձեր ստացող պաշտոնյաների և աշխատակիցների համար նախատեսվում նույն տոկոսային հարաբերակցությամբ փոփոխություններ։
«Եթե բարձր աշխատավարձ է և ցածր աշխատավարձ է, բարձրանում են երկուսը 30 տոկոս, բայց տարբերությունը շատ մեծ է»,- նշել է նա՝ ընդգծելով, որ քաղաքապետի և նրա տեղակալների աշխատավարձերի փոփոխությունները կարող են էական տարբերություններ առաջացնել։
Թորոսյանի խոսքով՝ աշխատակիցների շրջանում նույնպես հարցեր են առաջացել։ Նա առաջարկել է քննարկել՝ արդյոք ավելի արդարացի չի լինի ցածր աշխատավարձ ստացողների աշխատավարձերն ավելի մեծ տոկոսով, իսկ բարձր աշխատավարձ ստացողների աշխատավարձերը՝ ավելի փոքր տոկոսով փոփոխելու տարբերակը։
Ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց, որ տվյալ հարցի շրջանակում աշխատավարձերի բարձրացում չի իրականացվում։
«Մենք այսօր պարզապես ֆիքսելու ենք գործակիցները, որոնցով հնարավոր կլինի հաշվարկել աշխատավարձերի չափերը՝ արդեն բյուջեով։ Այսօր մենք աշխատավարձերի բարձրացում չենք իրականացնում, մենք պարզապես գործակիցներ ենք ֆիքսում»,- ասել է նա։
Գալջյանի խոսքով՝ գործակիցների սահմանումը տեղի է ունենում պետական համակարգում և տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, հետևաբար Երևանը ևս պետք է մասնակցի այդ գործընթացին։
Մանրամսները՝ տեսանյութում։