Քանդվում են մարդկանց կյանքերը՝ բառացիորեն, մեր բոլորի պատմությունը. Սյունե Սևադա

Շինարարների շուկան, կրպակները շատ հեռու էին ուղղակի շինություն լինելուց, մեր թաղի էդ հատվածը տասնյակ տարիներ կանգնուն էր՝ քիչ փոփոխություններով, տեղաշարժերով, բայց ամեն քար ու թուփ հարազատ է, որովհետև շուկայի աշխատողները մանկությունից մինչև հասուն տարիք ուղեկցում են մեզ։

Այսօրվա կադրերում երևացող «Ծիրան» սուպերմարկետի փոխարեն ժամանակին մեծ ու երկար խանութ էր շենքի տակ՝ երկուհազարականների սկզբներին՝ բազում բաժիններով, խառը, աղմկոտ, բայց թաղի կենտրոնն էր, որովհետև ամեն ինչ գտնում էիր։ Հենց այդ դռների դիմաց շարքերով միրգ-բանջարեղեն էին վաճառում։ Խանութի դռների ուղիղ դիմաց իմ դեդոյի ու բաբոյի «տոչկան» էր, ու մեր կետը հատկապես հայտնի էր նրանով, որ մերոնք, միրգ-բանջարեղենից բացի, տեսակ-տեսակ համեմունքներ էին բերում՝ թարմ աղացած պղպեղներ, չորացրած կանաչիներ, քիմիոն ու դարչին, լիմոնի աղ ու մեխակի հատիկներ. հիմա է, որ այս ամենը գտնելը կես րոպեի հարց է, այն ժամանակ դեդոյենքս միակն էին, ու քանի որ բոլորը գիտեին մեր տեղը՝ ուրիշները համեմունքների նման բազմազանություն չէին բերում, միայն մի քանի տեսակ պղպեղ ու վերջ։ Անհաշվելի անգամներ դեդոյի հետ գիշերը գնացել ենք «տոչկան փակելու», համեմունքների համար տանը թերթերից «կուլյոկներ» էի սարքում, դեդոն ինձ դրա համար փող էր տալիս, իմ կյանքի ամենաթանկ հիշողություններն են սրանք։ Ես մրգերի շարքերի հետևում նստած, ու կողքի «տոչկայի»՝ լուսահոգի Վալեր ձյաձյայի որդու՝ Սամոյի օգնությամբ առաջին անգլերեն բառերը գրելը երբեք չեմ մոռանա։

Դեդոյենց հետևում ևս երկու շարք կար։ Փողոցի կողմից առաջինը Նարինի «տոչկան» էր։ Նարինենք էլ հայտնի էին ամենաթանկ, էկզոտիկ մրգերով։ Ձմռանը էնտեղ էր կարելի մեծ լոլիկներ գտնել, ամենագունավոր ու անթերի խնձորներն էնտեղ էին վաճառում. Նարինը ձեթով էնպես էր պսպղացնում ամեն խնձորը, որ ափսոսում էիր անգամ ուտել։ Առաջին անգամ անանաս ու կոկոս մեր տարածքում Նարինի մոտ եմ տեսել։

Այդ շարքերը քանդեցին, Նարինենք տեղափոխվեցին շուկայի ներսը, էլ հնի պես ամենասիրուն «տոչկան» իրենցը չէր, բայց բազմազանությունը միշտ պահում էին։ Իր կողքերը քանդեցին էս վերջին «առաջին ալիքով», հարցազրույցը տեսա, բորբոքոված ասում էր՝ բա սենց կարելի՞ ա։ Դե, փաստորեն, կարելի ա։ Նարինենց էլ են հեսա հասնում։

Այ էս ֆոտոյում որ տեսնում եք ամբողջ քանդածը, էդ տեղը կոլորիտային է, հարմար, բայց «նավսած», ոչ մի բան երկար չէր դիմանում։ Մեկ բանջարեղեն էին ծախում, հետո մի կարճ շրջան կոսմետիկայի պստլիկ խանութ դարձավ։ Նավսն էդտեղ էլ աշխատեց, փակվեց, տեղը ծաղիկների խանութ բացվեց։ Պարզվեց՝ նավսողը, հավանաբար, քնքուշ զգացմունքներ ունի ծաղիկների հանդեպ, երկար մնացին, շատ հաճախ էի էնտեղից ծաղիկներ առնում։ Մեկ՝ տեղից, մեկ էլ դիմացի մայթի փոքր կրպակից՝ Նարեկի մամայի ծաղկի խանութից, որն էլի «առաջին ալիքով» քանդեցին։

Հիմա երկրորդ ալիքն է։ Քանդեցին իմ ամենասիրած մրգերի կրպակը, որտեղ աշխատում էր գանգուր մազերով ու զուլալ աչքերով մի տղա, ով ամեն անգամ երբ գնում էի, ասում էր՝ «հեսա քվորս ամենաընտիր միրգն եմ տալիս, հլը էս տոպրակը բռնի։ Մալինա բա խի՞ չես առնում, քեզնից չի»։ Կրպակից չորսուկես քայլ հեռու մսի խանութն է, որտեղ նաև թարմ ձուկ կա։ Թավ հոնքերով, անասելի բարի ժպիտով տղամարդունն է, երեկվա ակտիվ վեճը իր խանութի մոտ էր, ու ինքն էլ շատ ակտիվ խոսում էր, բացատրում, համոզում, վայթե՝ ոչ էլ լսում էին։ Շատ սիրուն ձագուկ ունի, նկարները պարբերաբար բերում է մեր օֆիս, տպում, հետո հատ-հատ նայում, ասես՝ չի տեսել, պայծառ աչքերով վերադառնում մսի կետ։

Դուք էս բոլոր վայրերն եք քանդում, որ տեղը խոտ ցանեք։ Բացի թղթի վրա գրածից, իրավիճակին մի քիչ ավելի լայն է պետք նայել, էս պահին իրո՞ք բաց մայթն ավելի օգտակար է լինելու մեզ, էդ խոտն ավելի կարևոր էր, քան էդ մարդկանց աշխատա՞նքը։ Կոկիկ, հավաք շուկա էր, հազար տարի էդ տարածքում կանգուն։ Քանդվում են մարդկանց կյանքերը՝ բառացիորեն, մեր բոլորի պատմությունը, առհասարակ՝ բնակիչների հարմարավետությունը, որովհետև մենք մեր քիփլիկ մայթով լավ էլ գնում-գալիս էինք, արդեն գիտեինք՝ որտեղ ինչ կա, ումից ինչ ենք գնելու։ Իսկ հիմա էդ մարդիկ կմնան բախտի քմահաճույքին, մեկ-երկուսն իրավիճակից կօգտվեն, արագ կրպակներ կբացեն թույլատրելի տարածքներում, ու շուկայական գներն էլ կթռցնեն, որովհետև արդեն կարող են, էլ բազմազանության տեղ չկա, որը նրանց կստիպի ավելի խելամիտ գներ դնել։

Էս շուկան մարդկանց մասին է՝ այդտեղ աշխատող ու կողքերն ապրող, սա է, որ համառորեն չտեսնելու եք տալիս։

Սյունե Սևադա, արձակագիր, Շինարարներ փողոցի բնակչուհի

Leave a Comment