Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով (PAN.am)

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեի անունով։ Համապատասխան որոշումն ընդգրկված էր ավագանու այսօրվա նիստի օրակարգում` չզեկուցվող հարցերի փաթեթով, որն ընդունվել է, հայտնում է Factor.am-ը:

Հաստատված նախագծի համաձայն՝ Մետաքսեի անունը կրող փողոցը սկիզբ կառնի Արտաշատի ջրանցքի հարակից հատվածից, կձգվի Ռոստովյան փողոցին զուգահեռ և կհասնի մինչև Ազատամարտիկների փողոց։

Երևանի փողոցներից մեկը բանաստեղծուհու անունով կոչելու առաջարկությունը ներկայացրել է նրա դուստրը՝ Լիլիթ Աղագյուլյանը։

Բանաստեղծուհի Մետաքսեն gրական գործունեության ընթացքում հեղինակել է ավելի քան երեք տասնյակ գիրք։ Նրա առավել ճանաչված բանաստեղծական ժողովածուների շարքում են «Զգույշ, սիրտ է», «Սերը հավատ է», «Արցունքները չեն ծերանում», «Հազար ու մի սեր» և «Երբ ես գալու, Տեր» ստեղծագործությունները։

1995 թվականին լույս է տեսել նաև Մետաքսեի հեղինակած «Շամիրամ» պոեմը։ Բացի մեծահասակների համար նախատեսված գրական ստեղծագործություններից, նա գրել է նաև մանկական գրքեր՝ իր գրական ժառանգությունը համալրելով փոքրիկ ընթերցողներին հասցեագրված գործերով։

Գրական գործունեությանը զուգահեռ Մետաքսեն ակտիվորեն ներգրավված է եղել հասարակական կյանքում և իրականացրել տարբեր մարդասիրական նախաձեռնություններ։ Գրականության և հասարակական կյանքի բնագավառներում ունեցած ավանդի համար Մետաքսեն արժանացել է բազմաթիվ պետական ու հասարակական պարգևների։ Դրանց թվում են «Մովսես Խորենացի» և «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանները։

Հայ բանաստեղծուհին կյանքից հեռացել է 2014 թվականի օգոստոսի 10-ին՝ Երևանում։

Leave a Comment