Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին գործունեության և պետության համար բարդ ժամանակաշրջանում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։
«Ես ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել Ձեր գործունեության համար: Պարզ է որ ՍԴ և ՍԴ նախագահի գործունեությունը առանձնահատուկ գործունեության տեսակ է, որն իրականացնում է երկրում սահմանադրական արդարադատություն:
Ես պարզապես հարկ եմ համարում գնահատանքի խոսքեր ասել Ձեզ, որովհետև այս բարդ ժամանակաշրջանում Դուք ՍԴ նախագահի պաշտոնն եք զբաղեցրել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ կարգավորումը, որով ՍԴ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է վեց տարվա ժամանակահատվածում, առաջին անգամ է գործում, և ՍԴ-ն պետք է դատարանի նոր նախագահ ընտրի:
Արման Դիլանյանն անդրադառնալով 6 տարիների ընթացքում ծավալած գործունեությանը, նշել է, որ Բարձր դատարանի դատավորների և աշխատակազմի համատեղ աշխատանքի շնորհիվ հաղթահարվել են բազմաթիվ մարտահրավերներ, ինչի արդյունքում Սահմանադրական դատարանը եղել է և՛ ժողովրդի, և՛ պետության կողքին։
«Այո, դուք իրավացի եք. առաջին անգամ էր, որ հենց այս կարգավորմամբ նախագահ ընտրվեց: նույնիսկ ընտրությունն էր առաջին անգամ. մինչ այդ՝ 1996 թվականից մինչև 2020 թվականը, ՍԴ-ի նախագահն ընտրվել է ԱԺ-ի կողմից, և առաջին անգամ էր, որ կիրարկվեց 2015 թվականի Սահմանադրությամբ կարգավորումը, ըստ որի՝ ՍԴ նախագահին պետք է ընտրեին հենց ՍԴ դատավորները: Մնալու եմ ՍԴ դատավոր. 4 տարի դեռ ժամանակ ունեմ»,- նշել է Արման Դիլանյանը:
Սահմանված կարգով՝ Սահմանադրական դատարանը վաղը նոր նախագահ կընտրի։