Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կարծիքով՝ Եվրամիությունը հսկայական գին է վճարել նավթային ճգնաժամի և շարունակվող պատերազմների համար։ Նրա ելույթի տեսագրությունը հրապարակվել է Facebook-ում՝ նրա գլխավորած «Ուղղություն՝ սոցիալական ժողովրդավարություն» կուսակցության էջում։
«Մինչ այժմ միայն ԵՄ-ն է հսկայական գին վճարել նավթային ճգնաժամի և մեր շուրջը տեղի ունեցող պատերազմների համար»,- ասել է վարչապետը։
Ֆիցոյի խոսքով՝ Եվրամիությունը մեկուսանում է և ազդեցություն չունի աշխարհում տեղի ունեցող ռազմական հակամարտությունների կարգավորման ու կարևորագույն միջազգային հարցերի լուծման վրա։ Նա նաև ընդգծել է, որ միության պատժամիջոցային քաղաքականությունն անարդյունավետ է։
Ֆիցոն հիշեցրել է, որ Սլովակիան դեմ է Եվրոպա ռուսական գազի և նավթի ներմուծումը դադարեցնելուն։ Նրա խոսքով՝ երկիրը շարունակելու է վարել ինքնիշխան արտաքին քաղաքականություն և հասնել Ռուսաստանի էներգակիրների մատակարարումն արգելելու մասին ԵՄ որոշման վերանայմանը։ Մասնավորապես, Բրատիսլավան վիճարկել է Եվրոպական դատարանում Եվրահանձնաժողովի՝ ռուսական գազի ներմուծման արգելքը։
Վարչապետը նաև հայտարարել է, որ Սլովակիան ակտիվորեն գործելու է ԵՄ շրջանակում։
«Մենք պետք է ինչ-որ բան ասենք այն մասին, թե ինչ ենք անելու պատերազմի աջակցության քաղաքականության հետ, որը ներկայումս գերիշխում է ԵՄ-ում»,- ընդգծել է Ֆիցոն՝ հիշեցնելով, որ առաջիկա հինգշաբթի և ուրբաթ օրերին տեղի կունենա միության գագաթնաժողովը։
Նրա խոսքով՝ միջազգային իրավիճակը «շատ վատ է»։ «Ես վախենում եմ, որ կարող է ռազմական հակամարտություն սկսվել»,- հավելել է Սլովակիայի վարչապետը։