Iravaban.net-ը ուսումնասիրել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման մեջ՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը թարմացնելու նպատակով։
Ի՞նչ է նախատեսվում նախագծով
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել կառավարության N 1025-Ն որոշման N 6-30-րդ հավելվածներով հաստատված ստուգաթերթերում։ Դրանք կիրառվում են էներգետիկայի և էներգասպառման, տրանսպորտային անվտանգության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառներում իրականացվող ստուգումների ժամանակ։
Փոփոխությունների նպատակն է ստուգաթերթերը համապատասխանեցնել գործող օրենսդրությանը, վերացնել իրավական ակտերի հնացած կամ սխալ հղումները և վերանայել ստուգման ենթակա հարցերի բովանդակությունը։
Ինչո՞ւ է անհրաժեշտ փոփոխություններ կատարել
Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող ստուգաթերթերում դեռևս առկա են հղումներ իրավական ակտերի այն դրույթներին, որոնք փոփոխվել են կամ ուժը կորցրել։
Մասնավորապես՝ գազաբաշխիչ համակարգերի վերաբերյալ ստուգաթերթերում առկա են հղումներ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի N 29-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերին։
Նշված նորմերը փոխարինվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 4-ի N 14-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 42-01-2023 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերով։
Բացի այդ, ստուգաթերթերի կիրառման ընթացքում բացահայտվել են իրավական ակտերի ոչ համապատասխան դրույթներին կատարված հղումներ, ինչպես նաև օրենսդրական պահանջներ, որոնց նկատմամբ վերահսկողություն չի իրականացվում։
Ի՞նչ փոփոխություններ են կատարվելու ստուգաթերթերում
Նախագծով նախատեսվում է՝
- ուղղել տեխնիկական վրիպակները և վերախմբագրել առանձին ձևակերպումներ,
- վերացնել պահանջների անհարկի կրկնությունները,
- վերանայել գործնականում ոչ վերահսկելի պահանջները,
- ստուգաթերթերի հարցերը համապատասխանեցնել գործող օրենքների պահանջներին,
- լրացնել վերահսկողությունից դուրս մնացած այն պահանջները, որոնց նկատմամբ անհրաժեշտ է վերահսկողություն իրականացնել։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունները պետք է նպաստեն ստուգումների արդյունավետության բարձրացմանը և տեսչական մարմնի՝ օրենքով վերապահված լիազորությունների պատշաճ իրականացմանը։
Ի՞նչ սկզբունքով են ձևավորվում ստուգաթերթերը
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքով։ Դրանցում չպետք է ներառվեն այնպիսի պահանջներ, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտների գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը։
Նախագծի նպատակն է գործող ստուգաթերթերը համապատասխանեցնել այս սկզբունքին՝ ապահովելով ստուգումների համար անհրաժեշտ և արդիական հարցաշարերի կիրառումը։
Ո՞վ է մշակել նախագիծը և ի՞նչ ծախսեր են նախատեսվում
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համատեղ աշխատանքով։
Նախագծի ընդունման արդյունքում պետական կամ համայնքային բյուջեների եկամուտների կամ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն նույնպես չկա։
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ից, Կառավարության 2021-2026 թվականների ծրագրից կամ ոլորտային այլ ռազմավարություններից։