Երևանի գլխավոր պողոտայի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի․ նախագիծ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ներկայացված՝ Երևանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահը կրկին ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծով առաջարկվում է մասնակի ուժը կորցրած ճանաչել նախկինում ընդունված կառավարության որոշումները՝ չիրացված գույքերի մասով, և այդ գույքերի նկատմամբ կրկին ճանաչել հանրության գերակա շահ։

Նախագծի նպատակն է շարունակել 2007 թվականից մեկնարկած քաղաքաշինական ծրագիրը, ապահովել տարածքների համալիր կառուցապատումը, պահպանել Հին Երևանի պատմաճարտարապետական միջավայրը և ավարտին հասցնել նախատեսված ենթակառուցվածքային աշխատանքները։

Ինչո՞ւ է անհրաժեշտ կրկին հանրության գերակա շահ ճանաչել

Կառավարության նախկին որոշումներով՝ 2007 թվականից սկսած, Երևանի գլխավոր պողոտայի նշված տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ։ Ծրագրի շրջանակում նախատեսվել է վերացնել կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն և հիմնականում վթարային բնակելի ֆոնդը, ապահովել տարածքների կանոնավոր կառուցապատումը, վերականգնել ու պահպանել Հին Երևանի պատմաճարտարապետական միջավայրը, ինչպես նաև բարելավել ճանապարհային և ինժեներական ենթակառուցվածքները։

Նշված տարածքներում ընդհանուր առմամբ առկա է եղել շուրջ 151 անշարժ գույք։ Սակայն սահմանված ժամկետներում բոլոր գույքերի օտարման գործընթացները չեն ավարտվել, և որոշ գույքերի նկատմամբ ձեռքբերողների սեփականության իրավունքը չի գրանցվել։

2026 թվականի փետրվարի 17-ին ուժի մեջ մտած՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի անցումային դրույթներով նախատեսվել է նման դեպքերում կառավարության նախկին որոշումն ամբողջությամբ կամ մասնակի ուժը կորցրած ճանաչելու և նոր որոշմամբ տվյալ գույքերի նկատմամբ կրկին հանրության գերակա շահ ճանաչելու հնարավորություն։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ նոր կարգավորումների կիրառումը հնարավորություն կտա չիրացված գույքերի օտարման գործընթացն իրականացնել գործող օրենսդրությամբ նախատեսված մեխանիզմներով և երաշխիքներով։

Ո՞ր տարածքների նկատմամբ կկիրառվեն փոփոխությունները

Նախագծով առաջարկվում է նախկին որոշումներն ուժը կորցրած ճանաչել միայն այն գույքերի մասով, որոնք չեն օտարվել նախկին իրավական գործընթացների շրջանակում։

Այս մոտեցումը հնարավորություն կտա պահպանել արդեն իսկ իրականացված գործընթացների իրավական շարունակականությունը, իսկ չիրացված գույքերի օտարումը շարունակել նոր կարգավորումների համաձայն։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ կրկին հանրության գերակա շահ ճանաչելու անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքաշինական ծրագրի շարունակականությամբ, քանի որ դրա շրջանակում արդեն իրականացվել են սեփականության իրացման, կառուցապատման և ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ, սակայն ծրագիրն ամբողջությամբ ավարտված չէ։

Ո՞վքեր են նախատեսվում որպես ձեռքբերողներ

Նախագծով նախատեսվում է որպես ձեռքբերողներ ներգրավել «Փրոջեքթ Էյբի» ՍՊԸ-ին և «ԱՎԱ Դևելոփմենթ» ՓԲԸ-ին։

Հիմնավորման համաձայն՝ ծրագրով ընդգրկված տարածքներում ավելի քան երկու տասնյակ անշարժ գույք պատկանում է «Օլդ Սիթի» ՓԲԸ-ին, որը տվյալ տարածքում նախատեսված «Հին Երևան» համալիրի կառուցապատողն է եղել։

Նախագծով նախատեսվում է «Օլդ Սիթի» ՓԲԸ-ին պատկանող համապատասխան անշարժ գույքերը փոխանցել «Փրոջեքթ Էյբի» ՍՊԸ-ին և «ԱՎԱ Դևելոփմենթ» ՓԲԸ-ին՝ ըստ նախագծով սահմանված տարածքների։

Նշված փոխանցումների արդյունքում նախատեսվում է նույն ձեռքբերողների մոտ համախմբել ինչպես արդեն իսկ նրանց պատկանող, այնպես էլ հանրության գերակա շահի հիմքով ձեռք բերվող գույքերը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ այս մեխանիզմը պետք է կանխի գույքային մասնատումը, ապահովի միասնական քաղաքաշինական լուծումների իրականացումը և նպաստի ծրագրի ամբողջական իրագործմանը։

Ի՞նչ երաշխիքներ են նախատեսվում ծրագրի իրականացման համար

Նախագծով նախատեսվում է սահմանել սեփականության օտարման գործընթացն սկսելու նոր ժամկետներ, ինչպես նաև հանրության գերակա շահ ճանաչելու նպատակի իրականացման վերջնաժամկետներ։

Միաժամանակ, լիազոր մարմնի և ձեռքբերողների միջև կնքվելիք պայմանագրերում նախատեսվում է ներառել ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք էական պայմաններ։

Մասնավորապես, նախատեսվում է պահանջել ծրագրի ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցների առկայությունը հավաստող երաշխիքներ, սահմանել ծրագրի իրականացման միջանկյալ փուլերն ու դրանց ավարտի ժամկետները, ինչպես նաև ձեռքբերողներից պահանջել պարբերաբար տեղեկատվություն և հիմնավորող փաստաթղթեր ներկայացնել ծրագրի ընթացքի վերաբերյալ։

Նախատեսվում է նաև պատասխանատվության միջոցներ կիրառելու հնարավորություն՝ ծրագրի կամ դրա առանձին փուլերի չիրականացման, սահմանված ժամկետների խախտման, ժամանակացույցից էական շեղումների կամ պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է շարունակել չիրացված գույքերի օտարման գործընթացը՝ կիրառելով գործող օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներն ու երաշխիքները։

Միաժամանակ, նախատեսվում է ավարտին հասցնել տարածքների համալիր կառուցապատումը, վերականգնել և պահպանել պատմաճարտարապետական միջավայրը, բարելավել տրանսպորտային ու ինժեներական ենթակառուցվածքները և ձևավորել միասնական ճարտարապետական միջավայր։

Նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի նախատեսվում։ Միաժամանակ, օտարվող սեփականության դիմաց փոխհատուցումների և գործընթացի կազմակերպման ծախսերով պայմանավորված՝ պետական և համայնքային բյուջեներում կարող են փոփոխություններ առաջանալ։

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից,– տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment