Ընդդիմությունը հետ է կանչել Շաքիի դեպքով պաշտոնյաներին ԱԺ հրավիրելու նախագիծը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 12-ին ընդդիմությունը հետ է կանչել Շաքիում ադրբեջանցի զինծառայողի հարձակման դեպքով պատասխանատու պաշտոնյաներից գրավոր պարզաբանումներ պահանջելու և նրանց մասնակցությամբ քննարկում անցկացնելու որոշման նախագիծը։ Հանձնաժողովի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվել էր ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Գառնիկ Դավթյանի, Անուշ Միրզոյանի և Վաղինակ Վարդանովի նախաձեռնությամբ։

Նախագծով առաջարկվում էր պաշտպանության և ներքին գործերի նախարարներից, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենից գրավոր պարզաբանումներ պահանջել, թե ինչ խախտումների հետևանքով է ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը հատել Հայաստանի սահմանը, ինչու ժամանակին չի հայտնաբերվել և ինչ միջոցներ են անհրաժեշտ նման դեպքերը կանխելու համար։

Առաջարկվում էր նաև պարզաբանումները ստանալուց հետո հանձնաժողովում աշխատանքային քննարկում անցկացնել համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Նախագծի հիմնական զեկուցող Գեղամ Մանուկյանն ընդգծել է, որ միջադեպի հանգամանքները մասնագիտական քննարկման կարիք ունեն։

Հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է, որ ըմբռնումով է մոտենում նախաձեռնությանը, սակայն չի տեսնում առանձին որոշմամբ պաշտոնյաներին խորհրդարան հրավիրելու անհրաժեշտություն։ Քննարկման ընթացքում իշխանական պատգամավորները նախաձեռնությունը վաղաժամ են համարել՝ հաշվի առնելով դեպքի առնչությամբ ընթացող նախաքննությունը։

«Ի՞նչ չի արել ԱԺ համապատասխան հանձնաժողովը, որ հանգել եք այն մտքին, որ պետք է համապատասխան որոշմամբ մեր գործընկերներին հրավիրենք ԱԺ»,- հարցրել է Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ հանձնաժողովն առանց նման որոշման էլ կարող է հրավիրել պատասխանատու պաշտոնյաներին և քննարկել պատգամավորներին հետաքրքրող հարցերը։ Գաբրիելյանը հայտնել է, որ հանձնաժողովը պատրաստվում էր նման հանդիպում կազմակերպել։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը բարձրացրել է հանձնաժողովի գործողությունների և հանրային վերահսկողության հարցը։

«Ի՞նչ է արել հանձնաժողովը դեպքից մոտ 15 օր անց»,- հարցրել է Կարապետյանը։

Նա նշել է, որ անհրաժեշտ է պարզել միջադեպի պատասխանատուներին, հասկանալ անվտանգության համակարգի հնարավոր խնդիրները և հանրությանը ներկայացնել ձեռնարկված քայլերը։ Կարապետյանը չի բացառել քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը, եթե գործող հանձնաժողովը պատշաճ չարձագանքի։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը դեմ է արտահայտվել այս փուլում պաշտոնյաներին հրավիրելուն՝ պատճառաբանելով, որ նախաքննության ընթացքում նրանք կարող են չկարողանալ պատասխանել պատգամավորների հարցերին։

«Ես գտնում եմ՝ սխալ է հիմա հրավիրել»,- ասել է Միքայելյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ սահմանախախտումը լուրջ խնդիր է, և հանձնաժողովը պետք է հետևողական լինի նման դեպքերը կանխելու հարցում։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը հակադարձել է Միքայելյանին՝ նշելով, որ չի կարելի մակերեսորեն մոտենալ սահմանային անվտանգության խնդիրներին։

«Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, այդ նույն «խփնված ադրբեջանցին» կարող էր, օրինակ, ոչ թե կրակել ու սպանել մի հայ կնոջ, այլ սպանել մի ամբողջ ընտանիքի»,- ասել է Դավթյանը։

Նրա խոսքով՝ խնդիրը ոչ թե ադրբեջանցիներից վախենալն է, այլ սահմանային անվտանգության վերաբերյալ հասարակության մտահոգություններին պատասխանելը։

Քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավորները կարևորել են, որ հանրությունը տեսնի՝ հանձնաժողովը զբաղվում է միջադեպով և քայլեր ձեռնարկում։ Կողմերը, ընդհանուր հայտարարի գալով, քննարկել են պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ հետագա հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։

Արդյունքում ընդդիմությունը հետ է կանչել որոշման նախագիծը։ Հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչները կհրավիրվեն Ազգային ժողով՝ հարցերը քննարկելու համար։ Հանդիպման հստակ ժամկետ չի նշվել։

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին հոկտեմբերի 1-ին մուտք էր գործել Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը և հարձակվել ընտանիքի վրա։ Հարազատները պատմել էին, որ տուժած Անի Ավետիսյանը երեխաներին պաշտպանելիս ձեռքով փակել էր ադրբեջանցու հրազենը, որի ժամանակ կրակոցից կորցրել էր ձախ ձեռքի 3 մատը։ Նա վիրավորվել էր նաև ոտքից, Ավետիսյանի որդին դաստակի վնասվածք էր ստացել և վիրահատվել։ Դատարանը հոկտեմբերի 2-ին Մուսաևին կալանավորել էր երկու ամսով։

Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին Ավետիսյանի վիրահատության մասին։

Leave a Comment