
Ռուսաստանը չի համաձայնի 60 օրով դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվեն, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան կարող է համաձայնել Ուկրաինային հարվածներ չհասցնել միայն ընտրությունների օրը, եթե դրանք նշանակվեն։
«Նրանց 60-օրյա հրադադար պետք է ոչ թե ընտրությունների համար, այլ ուժերը վերականգնելու, վերքերը բուժելու և պատերազմը շարունակելու նպատակով», – պնդել է Պեսկովը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է նախագահական ընտրություններ անցկացնել, եթե Ռուսաստանը 60 օրով ամբողջությամբ դադարեցնի ռազմական գործողությունները։ Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածն անհրաժեշտ է նախընտրական քարոզարշավ կազմակերպելու և քվեարկության անվտանգությունն ապահովելու համար։
Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար Ուկրաինայի նախագահի պաշտոնում նոր մարդու տեսնել՝ քննադատելով Զելենսկուն Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու հարցում բավարար ջանքեր չգործադրելու համար։
Ուկրաինայի օրենսդրությունն արգելում է ռազմական դրության պայմաններում ընտրությունների անցկացումը։ Զելենսկու նախագահական առաջին ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսին, սակայն պատերազմի պատճառով նոր ընտրություններ չեն անցկացվել։