IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Մայրաքաղաքի սրտում՝ Մատենադարանին հարակից մոտ 1․2 հեկտար տարածքում, կհիմնվի կենսաբազմազանության նոր այգի։ IDBank-ի հիմնադրման 35-ամյակին նվիրված հերթական նախագիծն իրականացվում է Մատենադարանի հետ համատեղ, որի շրջանակում կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր և պայմանագիր։ Սա երկու հաստատությունների առաջին համատեղ նախաձեռնությունն է։ Այգու հիմնադրման գաղափարակիցն ու իրագործողը Armenian Tree Project հիմնադրամն է։ Ըստ նախագծի՝ այգին դառնալու է Մատենադարանի ցուցադրությունների օրգանական շարունակությունը, որտեղ տնկվելու են հայկական ձեռագրերում և մանրանկարներում հիշատակված բացառիկ բուսատեսակներ։

Նախքան հուշագրի ստորագրումը՝ հյուրերը ճանաչողական շրջայց են կատարել Մատենադարանում։ Համագործակցության մեկնարկը նշանավորվել է խորհրդանշական արարողությամբ․ Մատենադարանի Պատվո կամարին, որտեղ զետեղված են հաստատության բարերարների անունները, ավելացվել է նաև IDBank-ի անունը։ Բանկին՝ ի դեմս վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի, հանձնվել է նաև «Բարերար Մատենադարանի» մեդալը։

Ընդգծելով համագործակցության կարևորությունը՝ IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշել է․ «Ինչպես գիտեք, Բանկն այս տարի նշում է իր գործունեության 35 տարին, և մենք հոբելյանի միջոցառումների շրջանակում մի քանի խոշոր ծրագիր ենք իրականացնում։ Մատենադարանի հետ համագործակցությունն այս առումով խիստ արժեքավոր ու կարևոր է մեզ համար։ IDBank-ի համար շրջակա միջավայրի պաշտպանությունը մշտապես եղել է սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկը։ Ավելի անվտանգ, կանաչ ու մաքուր ապագա կերտելու ճանապարհին չափազանց կարևոր է միավորել բիզնեսի, մշակույթի, բնապահպանական ոլորտի և հանրային հատվածի ջանքերը։ Միայն համատեղ ռեսուրսներով ու նվիրումով է հնարավոր ստեղծել ավելի լավ միջավայր՝ մեր և մեր ապագա սերունդների համար»։

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը նշել է․ «Նախագիծը կյանքի կոչելու գործնական քայլերը մենք սկսում ենք IDBank-ի աջակցությամբ։ Սա առաջին խոշոր հատկացումն է այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներում, և ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Բանկի ղեկավարությանը։ Նախատեսում ենք այգում ունենալ առանձնահատուկ գոտիներ, հատկապես մի անկյուն, որտեղ կաճեցվեն հենց հայկական ձեռագրերում հիշատակված բույսերը։ Այսպիսով՝ այգին կունենա նաև ընդգծված կրթական նշանակություն, և համոզված եմ, որ ապագայում մեր կրթամշակութային ծրագրերի մի մասը կանցկացվի հենց այստեղ»։

Կանաչ ու կայուն Հայաստան ունենալը IDBank-ի ռազմավարության անկյունաքարերից է, ինչի վկայությունն են Բանկի իրականացրած բնապահպանական ծրագրերը, այդ թվում՝ Մոսկովյան պուրակի բարեկարգումն ու «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը։ Հիմնադրման 35-ամյակի շրջանակում Մատենադարանում հիմնվող կենսաբազմազանության այգին IDBank-ի հերթական կանաչ նախագիծն է։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Leave a Comment