«Հայաստան»-ն առաջարկում է նախագիծ, որը ՊՆ, ՆԳՆ և ԱԱԾ ղեկավարներին կպարտադրի ԱԺ-ում ներկայացնել Շաքիի դեպքի մանրամասները

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նախագիծ ընդունել ու պարտադրել Պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունների ու Ազգային անվտանգության ծառայության ղեկավարներին խորհրդարան գալ ու հանրությանը ներկայացնել Շաքիում կատարվածի մանրամասները, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը հասել գյուղ ու ինչպես է տեղի ունեցել դեպքը, ինչ գործողություններ են նրանք արել: Այժմ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում այդ հարցն են քննարկում:

«Վստահեցնում եմ՝ առավոտվանից գիշեր հանրության տարբեր ներկայացուցիչներ այս հարցը և՛ օբյեկտիվ քննարկելու են, և՛ շահարկելու են: Մեր առաջարկը, որ հանձնաժողովով վերջակետ դրվի այս հարցերին, այստեղ հարցերը հստակեցվեն, և ոչ թե ով ինչ մտածի՝ ասի», – առաջարկը ներկայացրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Քանի որ այս դեպքով նախաքննությունն է, ընդդիմադիր պատգամավորներից մեկն ասաց՝ հնարավոր է վկայակոչեն նախաքննական գաղտնիքի արգելքը: Բայց եթե այդպիսի հարց լինի, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը շեշտեց, որ այդ դեպքում էլ քննարկումը այս հանձնաժողովում կարող է ընթանալ փակ գաղտնի ռեժիմով: Բայց, ըստ պատգամավորի, նախընտրելի է, որ իրավապահների գործողությունների վերաբերյալ հաշվետողականություն լինի հանրային, ոչ թե փակ ռեժիմով:

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, ով, ըստ Բաքվի, սեպտեմբերի 26-ին ինքնակամ լքել էր Լաչինի զորամասը, հոկտեմբերի 1-ին մտել է Սյունիքի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել տանտիրուհու վրա՝ նրան ծանր վնասվածք պատճառելով: Նրան առաջինը իրենց տանը հայտնաբերել էին Անի Ավետիսյանի երեխաները: Մայրը, ըստ հարազատների, երեխաների պաշտպանելիս ոտքի և ձեռքի վնասվածքներ է ստացել: Այդ ընթացքում նաև Անի Ավետիսյանի որդու դաստակն է կոտրվել:

Երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար: Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար:

Leave a Comment