Մինչև 2030-ը պիկ ժամերին ավտոբուսով երթևեկությունը պետք է 30%-ով արագանա․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նպատակ է դրել մինչև 2030 թվականը պիկ ժամերին հասարակական տրանսպորտով երթևեկության ժամանակը կրճատել առնվազն 30%-ով։ Տրանսպորտային բարեփոխումների վերաբերյալ աշխատանքային խորհրդակցությանը նա առաջարկել է փուլ առ փուլ ընդլայնել ավտոբուսային գծերի ցանցը և հայտնել է նոր ավտոբուսներ ձեռք բերելու ծրագրի մասին։

«Մինչև 2030 թվականը մենք պետք է ունենանք մի իրավիճակ, երբ մեր հասարակական տրանսպորտում պիկ ժամերին ծախսված ժամանակը պետք է նվազած լինի նվազագույնը 30%-ով»,- ասել է Ավինյանը։

Նրա խոսքով՝ պետք է պայմաններ ստեղծել, որ մարդիկ անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտի։ Քաղաքապետը նպատակը համարել է իրատեսական՝ «հաշվի առնելով այն վերլուծությունները, որոնք արդեն կան»։ Թե որքան կարժենա բարեփոխումը, քանի ավտոբուս է նախատեսվում գնել և երթևեկության որ ժամանակից են հաշվելու 30%-ի կրճատումը, Ավինյանը չի նշել։

Քաղաքապետը նշել է, որ տոմսային համակարգն ամբողջությամբ գործարկվել է, իսկ վճարումները բերվել են «որոշակի ստանդարտի»։ Սակայն, նրա խոսքով, բաց է մնում մեկ կարևոր հարց։

«Ունենք մի կարևոր հարց, որը դեռևս օդում առկա է՝ ինչու ենք մենք սպասում ավտոբուսին 20 կամ 30 րոպե։ Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ խոսենք մեր երթևեկության խնդիրներից, մանավանդ որ ունենք փաստեր և տվյալներ, որոնց հիման վրա կարող ենք հասկանալ խնդիրը և սկսել լուծումներ»,- ասել է Ավինյանը։

Բարեփոխումների հիմնական գործիքներից մեկը, քաղաքապետի խոսքով, ավտոբուսային առանձին գծերն են։ Քաղաքում առանձնացվել է երեք հիմնական անցուղի։ Առաջին փուլում դրանցից մեկում փողոցի աջ կողմում կգծվի ավտոբուսային գիծ, կտեղադրվեն տեսախցիկներ, և քաղաքապետարանը կսկսի մոնիտորինգ անել։ Հաջորդ փուլերում նույնը կարվի մյուս երկու անցուղիներում, իսկ հետո քաղաքապետարանը կանցնի «Էմերջ» խորհրդատուների առաջարկած վերջնական լուծմանը՝ ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատված, ինչը կպահանջի փողոցների վերակառուցում։

Միևնույն ժամանակ Ավինյանը կասկածի տակ է դրել խորհրդատուների վերլուծության հիմքում ընկած տվյալները՝ մասնավորապես ավտոբուսների տեսակի և շարժակազմի վերաբերյալ։

«Այն տվյալները, որոնք հիմք են հանդիսացել որոշակի լուծման հանգելուն, մենք այս պահի դրությամբ դնում ենք որոշակի հարցականի տակ»,- ասել է քաղաքապետը։ Նա հանձնարարել է պատասխանատուներին՝ քաղաքապետարանի տվյալների հիման վրա ձևակերպել հստակ առաջարկ, նախքան այն կառավարություն ուղարկելը։

Թե ինչ ավտոբուսներ են գնվելու՝ 12, թե 18 մետրանոց, դեռ որոշված չէ։ Շարժակազմը, քաղաքապետի խոսքով, ձեռք կբերվի մեկ փուլով։

«Փուլ-փուլ գնալը ճիշտ է, բայց պետք է հասկանանք, որ այդ փուլերը հինգ տարի չեն կարող տևել։ Այն, ինչ ես ասում եմ, պետք է ունենա երկու-երեք տարվա ժամանակացույցի տրամաբանություն»,- ասել է Ավինյանը։

Խցանումների պատճառներից մեկն էլ, քաղաքապետի խոսքով, երկրորդ շարքում կայանելն է, որը պիկ ժամերին կարող է հազարավոր մեքենաների երթևեկությունը դանդաղեցնել։ Նա առաջարկել է նման խախտումների համար պատժել տեսախցիկների միջոցով։

Ավտոբուսային առանձին գծեր Երևանում ներդրվում են ոչ առաջին անգամ։ 2023 թվականին քաղաքապետարանը հայտարարել էր, որ պլանավորում է տրանսպորտի համար առանձնացված գծեր ներդնել։ 2025 թվականից այն կիրառվեց Երևանի կենտրոնական փողոցներում՝ Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Իտալիայի, Բեյրութի և Արգիշտիի փողոցներում։

Փոփոխություններից հետո քաղաքապետարանի շենքի դիմաց խցանումներ էին առաջացել, և փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը խոստացել էր շտկումներ անել։ Ավելի ուշ քաղաքապետարանից հայտարարեցին, որ նորամուծությունները կրճատել են խցանումները, սակայն այդ եզրակացությունը հաստատող ուսումնասիրություններ չեն ներկայացվել։

Ավինյանը 2024 թվականի վերջին հայտարարել էր, որ չորս-հինգ տարի անց Երևանի հասարակական տրանսպորտը «շատ բարձր որակի» կլինի՝ առանձին գծերով, էլեկտրաավտոբուսներով և միասնական տոմսային համակարգով։ 2026 թվականի հունիսին նա խոստացել էր, որ փոփոխությունների պլանը կներկայացվի տարվա ընթացքում։

Կարդացեք նաև՝

«Խցանումների խնդիրը չի վերանա», «Քաղաքապետարանը կկարգավորի հարցը». հարցում

Leave a Comment