Հայաստանն աշխարհում առաջինն է գրանցել աղիքի քաղցկեղի բուժման երկու դեղ

Հայաստանի առողջապահության նախարարությունն աշխարհում առաջինն է գրանցել ամերիկյան Agenus կենսատեխնոլոգիական ընկերության երկու դեղ՝ Botvymo-ն և Evamplix-ը, հոկտեմբերի 8-ին հայտնել է ընկերությունը։

Դեղերը նախատեսված են մեծահասակների մոտ մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղի ձևերից մեկի համատեղ բուժման համար։

Բոտենսիլիմաբի (Botvymo) և բալստիլիմաբի (Evamplix) թույլտվություններն ուժի մեջ են մտել հոկտեմբերի 2-ին։ Դրանք վերաբերում են միկրոարբանյակային կայուն (MSS) տեսակի մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղով այն հիվանդներին, որոնք լյարդում ակտիվ մետաստազներ չունեն և արդեն ստացել են առկա ստանդարտ բուժումը։

Թույլտվությունները պայմանական են․ դրանք տրվել են մեկ տարով և կարող են երկարաձգվել ամեն տարի ներկայացվող կլինիկական տվյալների հիման վրա։

[ Պետք է վերցնել Առողջապահության նախարարության մեկնաբանությունը․ ինչ հիմքով է Հայաստանը դեղերը գրանցել աշխարհում առաջինը, ով է անցկացրել փորձաքննությունը, արդյոք դեղերը կներառվեն պետական պատվերում կամ ապահովագրական փաթեթում և որքան կարժենա բուժումը հիվանդի համար]

Agenus-ի տվյալներով՝ որոշումը հիմնված է կլինիկական հետազոտությունների առաջին և երկրորդ փուլերի արդյունքների վրա, որոնք հրապարակվել են, այդ թվում, Nature Medicine և Clinical Cancer Research ամսագրերում։ Ընկերության վկայակոչած հետազոտություններից մեկում ուռուցքը փոքրացել է հիվանդների 19%-ի մոտ, իսկ 55%-ի մոտ հաջողվել է կասեցնել հիվանդության զարգացումը։ Բուժման հետ կապված լուրջ կողմնակի ազդեցություններ դրսևորվել են հիվանդների 41%-ի մոտ։

Agenus-ի տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն Գարո Արմենը՝ հայկական ծագումով ամերիկացի գործարար և COAF բարեգործական հիմնադրամի հիմնադիր, հայտարարել է, որ որոշումը նոր հնարավորություն է բացում այն հիվանդների համար, որոնց ստանդարտ բուժումն այլևս չի օգնում։ Ընկերությունը կքննարկի նաև դեղերը Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներում գրանցելու հնարավորությունը։

Բուժում կկարողանան ստանալ Հայաստանում գտնվող հիվանդները, այդ թվում՝ օտարերկրացիները, որոնք կգան երկիր՝ հայ ուռուցքաբանների հսկողությամբ բուժվելու։

Կոլոռեկտալ քաղցկեղը հաստ կամ ուղիղ աղիքի չարորակ ուռուցք է։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ այն Հայաստանում վերջին տարիներին աճող տարածվածություն ունեցող ուռուցքաբանական հիվանդություններից է։

Leave a Comment