Ինչպե՞ս մեկ մեքենան կարող է խցանում առաջացնել հազարավոր վարորդների համար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը նշեց, որ պիկ ժամերին հանրային տրանսպորտի երթևեկության տևողությունը կարող է ավելանալ մինչև 70-80%-ով։ Նա նշել է, որ երկրորդ շարքում կայանված մեքենաները և ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով երթևեկության գոտիների փակումը զգալիորեն մեծացնում են խցանումները՝ պատճառելով ժամանակի կորուստ հազարավոր վարորդների։

Iravaban.net–ի փոխանցմամբ՝ քաղաքապետը հայտարարել է, որ անհրաժեշտ է հիմնական երթուղիներում ապահովել ավտոբուսների և տրոլեյբուսների անխափան երթևեկությունը, ինչպես նաև ավելի ակտիվ կիրառել տեսահսկման սարքերը, տուգանքներն ու քարշակման մեխանիզմները։

Քաղաքապետի խոսքով՝ կատարված չափումները ցույց են տալիս, որ առավոտյան ժամերի համեմատ՝ պիկ ժամերին ավտոբուսների՝ A կետից B կետ հասնելու ժամանակը կարող է ավելանալ 70-80%-ով։

Նա նշել է, որ փորձնական ավտոբուսային գծերն արդյունավետություն են ապահովում առանձին միջանցքներում, սակայն անհրաժեշտ է առանձնացված գծեր ունենալ նաև հիմնական երթուղիներում՝ ապահովելու ավտոբուսների և տրոլեյբուսների անխափան տեղաշարժը։

«Դա չի նշանակում, որ ամբողջ քաղաքում, բոլոր տեղերում լինելու են ավտոբուսային գծեր, բայց դա նշանակում է, որ հիմնական անցուղիները ունենալու են առանձնացված ավտոբուսային գծեր»,– ասել է Ավինյանը։

Քաղաքապետի ներկայացմամբ՝ չափումները ցույց են տալիս, որ երկրորդ շարքում կայանված մեքենան առաջացնում է շղթայական ազդեցություն երթևեկության վրա։ Նրա խոսքով՝ նույնիսկ կարճ ժամանակով՝ խանութ մտնելու կամ այլ նպատակով կանգնած մեքենան կարող է դանդաղեցնել մյուս մեքենաների շարժը։

Ավինյանը նշել է, որ հաշվարկների համաձայն՝ երկրորդ շարքում կայանված մեքենայի հետևանքով առաջին մեքենան նվազագույնը չորս վայրկյան ուշացում է կրում, երկրորդը՝ վեց վայրկյան, իսկ պիկ ժամերին այդ ազդեցությունը կարող է տարածվել մինչև հաջորդող հազարերորդ մեքենան։

Քաղաքապետի խոսքով՝ եթե նույն ճանապարհով մեկ ժամում պետք է անցնի 1000 մեքենա, ապա նման խոչընդոտների հետևանքով երթևեկությունը կարող է ձգվել մինչև չորս ժամ կամ ավելի։

«Մենք հիմա հասկանում ենք, որ 20 մեքենան կարող է 200.000 մեքենայի վրա էֆեկտ ունենալ, ու ահռելի ժամանակ մենք կորցնենք դրա վրա»,– նշել է նա։

Ավինյանը կարևորել է իրավախախտումների արձանագրման տեսահսկման սարքերի կիրառումը, ինչպես նաև քարշակների թվի ավելացման և դրանց աշխատանքի ակտիվացման հարցի քննարկումը Ներքին գործերի նախարարության գործընկերների հետ։

Քաղաքապետի խոսքով՝ երթևեկության խցանումների պատճառներից են նաև ճանապարհատրանսպորտային պատահարները, երբ մեքենաները երկար ժամանակ մնում են ճանապարհի երթևեկելի հատվածում, նույնիսկ եթե վթարի հետևանքով լուրջ վնասվածքներ չկան։

Նա որպես օրինակ նշել է Մյասնիկյան պողոտան՝ ընդգծելով, որ երեք գոտի ունեցող ճանապարհի երկու գոտու փակման դեպքում արագության նվազումը կարող է հանգեցնել մինչև երկու կիլոմետրանոց խցանման։

Ավինյանը հիշեցրել է, որ Երևանի ավագանու ընդունած կարգավորումների շրջանակում նախատեսվել է պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցները, լուրջ հետևանքների բացակայության պայմաններում, 15 րոպեից ավելի չեն ազատում ճանապարհը։

Նա ընդգծել է, որ վթարի դեպքում վարորդները պետք է արձանագրեն պատահարը, լուսանկարեն առկա վնասները և հնարավորության դեպքում ազատեն ճանապարհը՝ չխոչընդոտելով մյուսների երթևեկությանը։

Ավինյանը դիմել է նաև ապահովագրական ընկերություններին՝ նշելով, որ վնասի չափը գնահատելու և փոխհատուցման հարցերը լուծելու գործընթացը չպետք է հանգեցնի ճանապարհների երկարատև փակման։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գտնել նորարարական մեթոդներ, որոնց միջոցով հնարավոր կլինի արձանագրել պատահարը և գնահատել վնասը՝ առանց երթևեկությունը երկար ժամանակ կաթվածահար անելու։

Քաղաքապետը նշել է, որ մեկ պատահարի հետևանքով առաջացած խցանման մեջ կանգնած բազմաթիվ վարորդներ ժամանակ են կորցնում, և այդ կորուստը, իր գնահատմամբ, կարող է զգալի լինել։

«Չի կարող մեկ վթարի պատճառով ամբողջ Մյասնիկյան պողոտան կանգնել»,– ասել է նա։

Ավինյանը հանձնարարել է հասարակական կարգի պահպանության ծառայությանը՝ առաջիկա երկու ամսվա ընթացքում, համապատասխան ստորաբաժանումների և գործընկերների հետ համատեղ մշակել նման իրավախախտումների արձանագրման ամենաարդյունավետ մեխանիզմը։

Քննարկվող տարբերակներից են տեսահսկման սարքերի կիրառումը, դեպքի վայրում աշխատակիցների միջոցով 15 րոպեանոց ժամկետի վերահսկումը և սահմանված պահանջները խախտողների նկատմամբ տուգանքների կիրառումը։

Քաղաքապետի խոսքով՝ իրականացված վերլուծությունները թույլ են տալիս ավելի հստակ պատկերացնել երթևեկության խնդիրների ծավալը և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։ Նա նշել է, որ զեկույցի վերջնական տարբերակը կներկայացվի հաջորդ նիստում։

Leave a Comment