Ռուսաստանը կկարողանա առանց դժվարությունների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում՝ նավթամթերքի բարձր պահանջարկի շնորհիվ, «Ռիա Նովոստիին» հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ համաշխարհային շուկայից դուրս են մնացել նավթի և նավթամթերքի զգալի ծավալներ, ուստի ռուսական դիզելային վառելիքի համար գնորդներ փնտրելու անհրաժեշտություն չի լինի։
«Շուկաներում պահանջարկի խնդիր չկա։ Կարևորը առաջարկի առկայությունն է»,- ընդգծել է նա։
Կրեմլի ներկայացուցիչը նաև պարզաբանել է, որ Ռուսաստանը կարիք չունի սպասելու առանձին պետությունների ուղղակի հարցումներին, քանի որ նավթամթերքի մատակարարումներն իրականացվում են առևտրային միջնորդների միջոցով։
Ռուսաստանն սկսել է դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումների վաղաժամկետ վերացումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններից հետո։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ երկիրն արդեն հոկտեմբերին պատրաստ է արտահանել 300 հազար տոննա դիզելային վառելիք, նոյեմբերին՝ 500 հազար տոննա, իսկ դեկտեմբերին՝ 1 մլն տոննա։
Բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է ռուսական դիզելային վառելիքը ԱՄՆ և համաշխարհային շուկա մատակարարելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը տրամադրել է ժամանակավոր լիցենզիա, որը թույլատրում է ռուսական դիզելային վառելիքի հետ կապված գործարքները՝ չնայած գործող պատժամիջոցներին։ Թույլտվությունն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ապրիլի 7-ը։