
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզյորովը Հայաստան է ժամանում հայկական երկաթուղու օրակարգով, այսօր լրագրողներին փոխանցեց արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը:
Անցած շաբաթ ճեպազրույցում Բելոզյորովի առաջիկա այցի մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. – «Մենք աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշակի հետևություններ կանենք էդ աշխատանքային քննարկման արդյունքներով»:
Երևանն արդեն ամիսներ շարունակ հայտարարում է՝ երկաթուղիների կառավարման կոնցենսիոն պայմանագրի պատճառով Հայաստանը մրցակցային առավելություններ է կորցնում, և արևմտյան գործընկերները չեն ցանկանում ռուսական կառավարման ներքո գտնվող երկաթուղիներից օգտվել: Երևանն առաջարկում է, որ կառավարումը փոխանցեն և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի: Վարչապետ Փաշինյանը պարբերաբար ընդգծում է՝ հարցը բարեկամական մթնոլորտում են ցանկանում լուծել, ռուսական կողմից արձագանքում են՝ կոնցենսիայի պայմանների փոփոխության կամ պայմանագրի դադարեցման դեպքում կարող են պահանջել իրենց կատարած ներդրումների վերադարձը: