Գումարվել է ԱԺ արտահերթ նիստ

ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` հոկտեմբերի 12-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ԱԺ արտահերթ նիստ:

««Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

Փոխնախարարը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականին՝ Նյու Յորքում։

Նրա խոսքով 2024 թվականի հոկտեմբերին Կոլումբիայի Կալի քաղաքում կայացած Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է 17-րդ համաժողովը հյուրընկալող երկիր և հաջորդ նախագահող։ Համաժողովը կանցկացվի Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը։

Երևանում տեղի կունենան Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, կենսաանվտանգության հարցերը կարգավորող Կարթագենայի արձանագրության կողմերի 12-րդ հանդիպումը, ինչպես նաև գենետիկական ռեսուրսների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար բաշխման հարցերը կարգավորող Նագոյայի արձանագրության կողմերի 6-րդ հանդիպումը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանի ներկայացմամբ համաձայնագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և կոնվենցիայի քարտուղարության փոխադարձ պարտավորությունները՝ համաժողովի կազմակերպման և անցկացման իրավական, ֆինանսական, վարչական ու կազմակերպչական հարցերի առնչությամբ։

Մասնավորապես, կարգավորվում են համաժողովի անցկացման վայրի և անհրաժեշտ ենթակառուցվածքների տրամադրման, տեխնիկական ու հաղորդակցության միջոցների ապահովման, պատվիրակությունների ընդունելության, տրանսպորտային և բժշկական ծառայությունների, անվտանգության, լրատվամիջոցների աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև համապատասխան արտոնությունների և անձեռնմխելիությունների տրամադրման հարցերը։

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալի խոսքով համաձայնագրի վավերացումը կարևոր է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման տեսանկյունից։ Այն հնարավորություն կտա հստակ կարգավորել լայնածավալ միջազգային համաժողովի հյուրընկալման հետ կապված հարցերը՝ ապահովելով փոխադարձ պարտավորությունների հստակություն, թափանցիկություն և կանխատեսելիություն։

Նրա գնահատմամբ համաձայնագրի վավերացումը կնպաստի նաև համաժողովի կազմակերպման գործընթացում միջազգային համագործակցության և աջակցության ապահովմանը՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծելով Հայաստանի նախագահության առաջնահերթությունների առաջմղման և ակնկալվող արդյունքների շուրջ միջազգային լայն աջակցություն ձևավորելու համար։

Անդրադառնալով համաժողովի նշանակությանը՝ զեկուցողը նշել է, որ COP17-ը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման հարցերին նվիրված կարևորագույն միջազգային հարթակներից է, որի շրջանակում ընդունվում են գլոբալ նշանակության որոշումներ։

Ռոբերտ Աբիսողոմոնյանի խոսքով համաժողովի օրակարգը դուրս է գալիս բնապահպանական հարցերի շրջանակից՝ առնչվելով նաև կլիմայի փոփոխությանը, պարենային անվտանգությանը, տնտեսական և կայուն զարգացմանը։ Այն կարևոր հարթակ է նաև մասնավոր հատվածի հետ համագործակցության և Հայաստանի միջազգային տեսանելիության բարձրացման համար։

Հարցի վերաբերյալ ելույթներ են ունենում պատգամավորները:

Leave a Comment