Ո՞վ է ստուգելու քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերը և որոշելու՝ տվյալները մուտքագրե՞լ, թե՞ ոչ

Պետական տեղեկատվական համակարգերում անհրաժեշտ տվյալների բացակայությունը չպետք է անհարկի խոչընդոտ դառնա հանրային ծառայություն ստանալու համար։ Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է սահմանել իրավական ուժ ունեցող փաստաթղթերից տվյալների շտեմարան տվյալներ կամ տեղեկություններ մուտքագրելու միասնական կարգ՝ հնարավորություն տալով քաղաքացիներին ներկայացնել համապատասխան փաստաթուղթ, իսկ իրավասու մարմիններին՝ ստուգել դրա ճշտությունը և որոշում կայացնել տվյալները մուտքագրելու կամ մերժելու վերաբերյալ։

Iravaban.net–ը ուսումնասիրել է նախագիծը և ներկայացնում է՝ ինչպես է նախատեսվում կազմակերպել գործընթացը։

Ինչո՞ւ է անհրաժեշտ նոր կարգավորումը

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հանրային ծառայությունների թվայնացման պայմաններում կարևոր է, որ պետական տեղեկատվական համակարգերում առկա տվյալները լինեն ամբողջական, ճշգրիտ և հասանելի։

Սակայն գործնականում կարող են լինել դեպքեր, երբ անձի վերաբերյալ անհրաժեշտ տվյալները բացակայում են համապատասխան տվյալների շտեմարանում, թեև դրանք ամրագրված են նախկինում տրված և իրավական ուժ ունեցող թղթային փաստաթղթերում։

Նախագծով առաջարկվում է սահմանել այդպիսի փաստաթղթերից տվյալներ կամ տեղեկություններ մուտքագրելու միասնական ընթացակարգ, որպեսզի շտեմարանում տվյալների բացակայությունը չխոչընդոտի անձի կողմից արդեն նախաձեռնած հանրային ծառայության ստացմանը։

Ինչպե՞ս կարելի է ներկայացնել բացակայող տվյալները

Նախագծով նախատեսվում է տվյալների կամ տեղեկությունների ներկայացման երկու եղանակ՝ առցանց և ֆիզիկական սպասարկման միջոցով։

Առցանց ծառայության դեպքում տվյալների սուբյեկտը կարող է ներկայացնել շտեմարանում բացակայող տվյալները կամ տեղեկությունները և կցել դրանք հավաստող փաստաթղթի սկանավորված տարբերակը։

Ֆիզիկական սպասարկման դեպքում տվյալները կամ տեղեկությունները կարող են ներկայացվել ծառայություն մատուցողի միջոցով։ Նախատեսվում է նաև համապատասխան փաստաթղթի սկանավորում և տվյալների փոփոխության կամ լրացման վերաբերյալ էլեկտրոնային հարցման ձևավորում։

Այսպիսով, նախագծով նախատեսվում է տվյալների ներկայացման և դրանց հիման վրա համապատասխան ընթացակարգ սկսելու միասնական մեխանիզմ։

Ո՞վ է ստուգելու փաստաթղթերի ճշտությունը

Ներկայացված փաստաթուղթը ինքնաբերաբար չի հանգեցնելու տվյալների մուտքագրմանը։ Նախագծով նախատեսվում է, որ տվյալների շտեմարանի կառավարիչը կստուգի ներկայացված տվյալների կամ տեղեկությունների ճշտությունը։

Անհրաժեշտության դեպքում նա կարող է տեղեկություններ ստանալ նաև այլ իրավասու մարմիններից։

Ստուգման արդյունքներով կկայացվի որոշում՝ տվյալները կամ տեղեկությունները շտեմարան մուտքագրելու կամ մուտքագրումը մերժելու վերաբերյալ։

Այս ընթացակարգի նպատակն է միաժամանակ ապահովել տվյալների ամբողջականությունը և բացառել չստուգված կամ ոչ հավաստի տեղեկությունների մուտքագրումը պետական տեղեկատվական համակարգեր։

Քաղաքացին կտեղեկացվի՞ ընդունված որոշման մասին

Նախագծով նախատեսվում է տվյալների սուբյեկտին տեղեկացնել տվյալների մուտքագրման կամ մուտքագրումը մերժելու վերաբերյալ որոշման մասին։

Կարևոր դրույթներից մեկն այն է, որ գործընթացը պետք է հնարավորություն տա շարունակելու անձի կողմից ավելի վաղ նախաձեռնած հանրային ծառայության ստացումը։

Այսինքն՝ կարգավորման նպատակն է նվազեցնել այն իրավիճակները, երբ պետական շտեմարանում տվյալների բացակայության պատճառով անձը չի կարողանում օգտվել իրեն անհրաժեշտ ծառայությունից։

Կգրանցվի՞, թե ով և ինչ փոփոխություն է կատարել

Նախագծով նախատեսվում է տվյալների շտեմարանում կատարված յուրաքանչյուր մուտքագրում գրանցել անփոփոխելի էլեկտրոնային մատյանում (log-file)։

Այս մեխանիզմը կոչված է ապահովելու կատարված գործողությունների հետագծելիությունը և հնարավորություն տալու արձանագրելու տվյալների շտեմարանում կատարված մուտքագրումներն ու փոփոխությունները։

Միաժամանակ նախատեսվում է հստակեցնել տվյալների շտեմարանի կառավարչի, ծառայություն մատուցողի և այլ իրավասու մարմինների գործողությունների հաջորդականությունը։

Ե՞րբ կգործի նոր կարգը

Նախագիծը մշակվել է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով Կառավարությանը վերապահված լիազորության հիման վրա։ Դրա ընդունումը նախատեսված է նաև ՀՀ վարչապետի՝ 2026 թվականի փետրվարի 13-ի N 117-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկով։

Նախագծի համաձայն՝ Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա։

Կարևոր է նշել, որ ներկայացված փաստաթուղթը Կառավարության որոշման նախագիծ է։ Հետևաբար, մինչև դրա ընդունումն ու պաշտոնական հրապարակումը, նախատեսվող կարգավորումները պետք է դիտարկել որպես առաջարկվող փոփոխություններ, ոչ թե արդեն գործող ընթացակարգ,- տեղեկացնում է Iravaban.net–ը։

Leave a Comment