Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա նոր հարձակումներ են գրանցվել: Տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին իրավիճակը կտրուկ սրվել է, և վերջին ժամերին մի քանի լուրջ միջադեպ է տեղի ունեցել.
Մարշալյան կղզիների դրոշով ընթացող նավթատար լցանավը հոկտեմբերի 11-ին խոցվել է անհայտ արկով, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ամերիկյան կործանիչը ճշգրիտ հարվածով շարքից հանել է Պանամայի դրոշով ընթացող բեռնատար նավը: Ըստ ամերիկյան կողմի՝ նավը դուրս էր եկել իրանական նավահանգստից և փորձում էր խախտել Իրանի դեմ սահմանված ծովային շրջափակումը:
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունն էլ հայտնել է, որ Իրանի ափերից ընդամենը 11 մղոն հեռավորության վրա խոշոր բեռնատար նավ է թիրախավորվել մի քանի փոքր ռազմական նավակների կողմից:
Հորմուզի նեղուցում նավերի թիրախավորումը կրում է գրեթե ամենօրյա բնույթ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ կանոնները խախտող ցանկացած նավ ենթարկվելու է պատժի, մինչդեռ միջազգային հանրությունը և նավագնացության կազմակերպությունները մտահոգություն են հայտնում էներգակիրների համաշխարհային մատակարարման անվտանգության համար: