Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա ամբողջական հրադադարի։
Այս մասին նա հայտնել է ամերիկյան ABC News հեռուստաալիքի «This Week» հաղորդմանը տված հարցազրույցում՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Ուկրաինային նոր նախագահ է պետք։
Զելենսկին ընդգծել է, որ ռմբակոծությունների պայմաններում ընտրություններ անցկացնելը չափազանց բարդ է, և 60-օրյա դադարն անհրաժեշտ է քվեարկության գործընթացի ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Նա հավելել է, որ եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանն իսկապես ցանկանում են ընտրություններ տեսնել Ուկրաինայում, ապա Թրամփը պետք է ճնշում գործադրի Պուտինի վրա՝ հրադադար հաստատելու համար, որից հետո Ուկրաինայի խորհրդարանը կփոխի օրենքը (քանի որ ռազմական դրության ժամանակ ընտրություններն արգելված են)։
Զելենսկին շեշտել է, որ միայն ուկրաինական հասարակությունն ու ժողովուրդն իրավունք ունեն որոշելու, թե ով կլինի իրենց առաջնորդը, և իրենք պատրաստ կլինեն ընդունել ժողովրդի ցանկացած ընտրություն։