Ցանկանում ենք Չեմպիոնների լիգայում հնարավորինս առաջ գնալ․ Մխիթարյան – armeniatoday.am

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ թիմը մտադիր է Չեմպիոնների լիգայում հնարավորինս առաջ գնալ և շարունակում է պայքարել բոլոր մրցաշարերում հաղթանակների համար։

Այս մասին նա ասել է Sportmediaset-ին՝ Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Պարմայի» նկատմամբ 3։0 հաշվով հաղթանակից հետո։

Մխիթարյանը նշել է, որ «Ինտերը» արդեն չորս տարի բարձր նպատակներ է դնում իր առջև։ Նա հիշեցրել է, որ վերջին երեք տարիների ընթացքում թիմը երկու անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն երկու դեպքում էլ պարտվել է վճռորոշ խաղում։

«Մենք հավակնոտ ենք և ցանկանում ենք հնարավորինս առաջ գնալ ու հասնել հնարավորինս մեծ բարձունքների», — ընդգծել է ֆուտբոլիստը։

Անդրադառնալով «Պարմայի» դեմ հանդիպմանը՝ Մխիթարյանն ընդունել է, որ երեքշաբաթյա ընդմիջումից հետո խաղադաշտ վերադառնալը հեշտ չէր։

Նրա խոսքով՝ «Ինտերը» վստահ է սկսել հանդիպումը, խփել երեք գոլ և վերահսկել խաղի ընթացքը, թեև կարող էր ևս մի քանի անգամ գրավել մրցակցի դարպասը։

Հայ կիսապաշտպանը գոլային փոխանցում է կատարել Մարկուս Թյուրամին, որը խփել է միլանյան թիմի երրորդ գոլը։

Leave a Comment