Ջիբութիում նավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 109 մարդ, այդ թվում՝ 15 երեխա

Ջիբութիի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 109 մարդ, այդ թվում՝ 15 երեխա։ Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում, հայտնել են Միգրացիայի միջազգային կազմակերպությունից, գրում է BBC-ին։

Կազմակերպության տվյալներով՝ մոտ 350 ուղևոր տեղափոխող նավը Ջիբութիից ուղևորվում էր Եմեն, սակայն հինգշաբթի գիշերը շրջվել է Օբոկ նավահանգստային քաղաքի մերձակայքում։ Մոտ 80 մարդու կյանք հաջողվել է փրկել։

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ջիբութիում առաքելության ղեկավար Ալեքսանդր Կուասակը կատարվածը որակել է որպես ցավալի հիշեցում այն վտանգների մասին, որոնց միգրանտները բախվում են՝ «ավելի լավ կյանք որոնելիս»։

Կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ հայտնաբերված զոհերի թվում եղել են 52 տղամարդ, 42 կին, ինը աղջիկ և վեց տղա։

«Սա մարդկային կյանքերի ցավալի կորուստ է»,-նշել է Կուասակը՝ ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և մտահոգություն հայտնելով անհետ կորածների ճակատագրի վերաբերյալ։

Տեղական իշխանությունները կազմակերպում են զոհվածների հուղարկավորությունը։ Փրկվածներին, որոնք բոլորը Եթովպիայի քաղաքացիներ են, ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Leave a Comment