Բանկը, համատիրությունը կամ ծանոթը կարող է տարիներ անց պահանջել վաղուց մոռացված պարտքը։ Օրենքը սահմանում է ժամկետ, որից հետո պարտքը դատարանով կարող է այլևս չբռնագանձվել, բայց միայն այն դեպքում, եթե դուք ինքներդ դա պահանջեք։ Միևնույն ժամանակ կան քայլեր, որոնք ժամկետը վերսկսում են զրոյից, և վճարումներ, որոնք այլևս հետ չեն վերադարձվում։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումները սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Հայցային վաղեմություն» 21-րդ գլխով։
Որքա՞ն է ժամկետը և ե՞րբ է այն սկսվում
Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է։ Այն սկսվում է այն օրվանից, երբ պարտատերն իմացել է կամ պետք է իմանար իր իրավունքի խախտման մասին, իսկ եթե վճարման համար որոշակի ժամկետ է սահմանված՝ այդ ժամկետի ավարտից։ Ամսական վճարների դեպքում դա նշանակում է, որ ժամկետը հաշվվում է յուրաքանչյուր ամսվա վճարի համար առանձին։
Պայմանագրով ժամկետը փոխել չի կարելի. վաղեմության ժամկետներն ու դրանց հաշվարկը սահմանում է միայն օրենքը։ Հիմնական պարտքի հետ միասին ժամկետը լրանում է նաև տուժանքի, գրավի, երաշխավորության և նախավճարի պահանջների համար։
Ինչո՞ւ կարող են պահանջել նույնիսկ երեք տարի անց
Սա ամենակարևոր կանոնն է։ 335-րդ հոդվածով դատարանը հայցն ընդունում է քննության՝ ժամկետը լրանալուց անկախ, և վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով։
Այսինքն՝ եթե դատարանում չհայտնեք, որ ժամկետը լրացել է, դատարանը վաղեմությունը հաշվի չի առնի։ Եթե հայտնեք, և ժամկետն իսկապես լրացել է, հայցը կմերժվի։
Ո՞ր քայլը կարող է ժամկետը զրոյացնել
340-րդ հոդվածով ժամկետի ընթացքն ընդհատվում է երկու դեպքում՝ երբ պարտատերը հայց է ներկայացնում, և երբ պարտապանը կատարում է պարտքի ճանաչումը վկայող գործողություն։ Ընդհատումից հետո երեք տարին սկսվում է նորից, իսկ մինչ այդ անցած ժամանակը չի հաշվվում։
Ժամկետը կարող է նաև կասեցվել, օրինակ՝ երբ պարտատերը դատարան է դիմել վճարման կարգադրություն ստանալու համար կամ նոտարին՝ գումարի բռնագանձման կարգադրության համար, եթե դա տեղի է ունեցել ժամկետի վերջին վեց ամսում։
Իսկ եթե պարտքը փոխանցվել է այլ ընկերության
Պարտատիրոջ փոփոխությունը, օրինակ՝ պարտքը հավաքագրող ընկերությանը փոխանցելը, ժամկետը չի փոխում և այն նորից չի սկսում։
Վճարել եմ, կարո՞ղ եմ հետ պահանջել
Ոչ։ 343-րդ հոդվածով ժամկետը լրանալուց հետո պարտքը վճարած անձն իրավունք չունի վճարածը հետ պահանջել, նույնիսկ եթե չի իմացել, որ ժամկետը լրացել է։
Ո՞ր պահանջների վրա վաղեմությունը չի տարածվում
344-րդ հոդվածով վաղեմությունը չի տարածվում բանկից ավանդը հետ պահանջելու, սեփականատիրոջ իրավունքի խախտումները վերացնելու, անձնական ոչ գույքային իրավունքների պաշտպանության պահանջների վրա, ինչպես նաև կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման վրա, բայց անցյալի համար այս դեպքում բավարարվում է հայցին նախորդող առավելագույնը երեք տարին։ Որոշ պահանջների համար օրենքով կարող են սահմանվել հատուկ ժամկետներ։
Ամփոփելով՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, դատարանն այն կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, ժամկետը վերսկսվում է հայց ներկայացնելով կամ պարտքը ճանաչելով, պարտատիրոջ փոփոխությունն այն չի փոխում, իսկ ժամկետը լրանալուց հետո վճարածը հետ պահանջել չի կարելի, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Համատիրության պարտքի մասին կարդացեք այս նյութում, գույքահարկի, աղբահանության և համատիրության պարտքերի համեմատության մասին՝ այստեղ, աշխատավարձի պարտքի մասին՝ այստեղ, իսկ վարկային պարտքի սահմանի մասին՝ այստեղ։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Պարտքերի և հայցային վաղեմության հետ կապված կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը՝ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։