Ջիբութիի ափերի մոտ ավելի քան 100 միգրանտ, այդ թվում՝ 15 երեխա է խեղդվել

Առնվազն 100 միգրանտ, այդ թվում՝ 15 երեխա է զոհվել Ջիբութիի ափերի մոտ տեղի ունեցած աղետալի նավաբեկության հետևանքով: Ավելի քան 116 մարդ համարվում է անհետ կորած:

Նավը խորտակվել է հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը՝ Ջիբութիի արևելյան ափին գտնվող Օբոկ նավահանգստային քաղաքից հյուսիս:

Նավում եղել է շուրջ 305 միգրանտ, որոնք Ջիբութիից ուղևորվում էին դեպի Եմեն՝ հետագայում Ծոցի երկրներ հասնելու նպատակով: Զոհվածների թվում կա 52 տղամարդ և 42 կին:
Ավելի քան 80 մարդ ողջ է մնացել: Նրանք բոլորը Եթովպիայի քաղաքացիներ են: Նրանցից 64-ին այժմ անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն է ցուցաբերվում:

Ջիբութիի իշխանությունները հումանիտար կազմակերպությունների հետ համատեղ շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները:

ՄԱԿ-ի տվյալներով՝ սա վերջին տարիներին այս երթուղու վրա գրանցված ամենամահաբեր նավաբեկություններից մեկն է: Չնայած Մերձավոր Արևելքում տիրող անկայունությանը և Եմենում շարունակվող քաղաքացիական պատերազմին, աղքատությունն ու կլիմայական փոփոխությունները ստիպում են հազարավոր միգրանտների Աֆրիկյան երկրներից (հիմնականում՝ Եթովպիայից և Սոմալիից) դիմել այս վտանգավոր ծովային անցմանը:

Leave a Comment