
Ուզբեկստանի Ջիզակի մարզում հնագետները հայտնաբերել են նախկինում անհայտ պալեոլիթյան և նեոլիթյան հուշարձաններ, ինչպես նաև մոտ 30 ժայռապատկեր, որոնցում պատկերված են մարդիկ, կենդանիներ և, ենթադրաբար, արևի խորհրդանիշ։
Հայտնագործությունն արվել է Զաամինի և Շարաֆ-Ռաշիդովի շրջաններում իրականացված դաշտային հետազոտությունների ընթացքում, գրում է Heritage Daily-ն։
Զաամինի շրջանի բնակավայրերի մոտ հետազոտողները հայտնաբերել են քարի դարի մի քանի նոր հուշարձաններ։ Սա լրացուցիչ վկայություն է այն մասին, որ Զաամինի օազիսը և հարակից Թուրքեստանի լեռնաշղթան հազարամյակների ընթացքում բազմիցս բնակեցվել են մարդկային տարբեր համայնքների կողմից։
Նախորդ ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ Աչչի գյուղի արևելյան հատվածում առկա է պալեոլիթյան բնակատեղի։ Փեշագոր գյուղի մոտ մեկ այլ բնակատեղի վերագրվել է նեոլիթյան ժամանակաշրջանին։
Համեմատաբար փոքր տարածքում պալեոլիթյան և նեոլիթյան հուշարձանների առկայությունը առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում հնագետների համար։ Դա վկայում է այն մասին, որ Զաամինի օազիսի և Թուրքեստանի լեռնաշղթայի այս հատվածը տարբեր պատմական ժամանակաշրջաններում պիտանի է եղել մարդկանց բնակության համար։
Հայտնաբերված նյութերը կարող են օգնել հետազոտողներին վերականգնել քարի դարի համայնքների տեղաշարժերը, պարզել նրանց բնակավայրերի և ժամանակավոր կայանատեղիների գտնվելու վայրերը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպես են նրանք օգտագործել լեռնային տարածաշրջանի բնական ռեսուրսները։
Եվս մեկ կարևոր հայտնագործություն է արվել Շարաֆ-Ռաշիդովի շրջանի Ռավոց գյուղի մոտ։ Ռավոցոյ գետի ձախ ափի ուսումնասիրության ընթացքում հնագետները հայտնաբերել են նախկինում չփաստագրված ժայռապատկերների համալիր, որոնք փորագրված են թերթաքարային ապարների ելուստների վրա։
Արդեն յոթ ժայռերի վրա գրանցվել է մոտ 30 ժայռապատկեր։ Դրանց թվում կան մարդկանց և կենդանիների պատկերներ, մասնավորապես՝ որսորդի, լեռնային այծի, խոշոր եղջերավոր կենդանու և շան։