Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի միջազգային օդանավակայանին հասցված հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, հայտնել են երկրի քաղաքացիական ավիացիայի մարմինները՝ նշելով, որ վիրավորներից ոմանց վիճակը ծայրահեղ ծանր է։ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հարձակման համար մեղադրել է Իրանի աջակցությունը վայելող՝ հարևան Եմենում գործող հութի ապստամբներին, հայտնում է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ սա Իրանի հետ պատերազմի մեկնարկից ի վեր Պարսից ծոցի արաբական երկրներում ամենամահաբեր հարձակումն է։ Տարածաշրջանում լարվածությունն աճել է նաև հութիների և Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարական ուժերի միջև մարտերի սրման հետևանքով։
Տարածաշրջանային պաշտոնյայի փոխանցմամբ՝ հրթիռն ընկել է «Քինգ Խալիդ» միջազգային օդանավակայանի համալիրի տարածքում, որտեղ տեղակայված են ներքին չվերթների համար նախատեսված երրորդ և չորրորդ տերմինալները։
Զոհերի թվում են Սաուդյան Արաբիայի չորս քաղաքացի, Բանգլադեշի երկու քաղաքացի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Սուդանի և Պաղեստինի մեկական քաղաքացի։ Վիրավորները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
Հարվածից հետո օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։ Flightradar24 հարթակի տվյալներով՝ այ փակ կմնա 24 ժամ՝ մինչև կիրակի տեղական ժամանակով ժամը 21:00-ն։
Հարձակումը կարող է ուժեղացնել Ռիադի ճնշումը դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի վրա՝ ռազմական աջակցություն ստանալու նպատակով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է հութիների դեմ Սաուդյան Արաբիայի հարվածներին ամերիկյան ուժերի միանալու հնարավորության հարցը։
«Հնարավոր է։ Մենք կքննարկենք այդ հարցը։ Մենք նոր ենք տեղեկացել վերջին հարձակման մասին, ուստի որոշում կկայացնենք։ Մենք շատ արագ ենք գործում»,-ասել է Թրամփը։