Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանները նախատեսվում է արդիականացնել ֆրանսիական Aquatique Show International ընկերության հետ, որը ստեղծել է Disneyland Paris-ի Disney Dreams շոուի ջրային էֆեկտները։ Նախագծի նախապատրաստման մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ շատրվանների վերջին վերանորոգումից անցել է շուրջ 20 տարի։ Տեխնիկական համակարգերը զգալիորեն մաշված են։ Գործող սարքավորումները չեն ապահովում ժամանակակից ջրային ու լուսաձայնային էֆեկտներ, իսկ երաժշտական ծրագիրը գրեթե հնարավոր չէ թարմացնել։
Նախագծով նախատեսվում է տեխնիկական համակարգերի ամբողջական արդիականացում։ Այն թույլ կտա ստեղծել նոր ջրային, լուսային ու ձայնային էֆեկտներ և պարբերաբար փոխել ծրագիրը։ Ավինյանը չի նշել աշխատանքների մեկնարկի ու ավարտի ժամկետները և նախագծի արժեքը։
Aquatique Show International-ը հիմնադրվել է 1979 թվականին և տեղակայված է Ստրասբուրգում։
Ընկերությունը մասնագիտացած է ջրային շոուների և շատրվանային համակարգերի ստեղծման մեջ։
Ընկերության պաշտոնական կայքի համաձայն՝ այն նախագծել և ստեղծել է Disneyland Paris-ի Քնած գեղեցկուհու ամրոցի մոտ ներկայացվող Disney Dreams գիշերային շոուի բոլոր ջրային էֆեկտները։ Այլ նախագծերի թվում են ֆրանսիական Puy du Fou զբոսայգու ջրային շոուներն ու Մակաոյի The House of Dancing Water ներկայացման ջրային էֆեկտները։
