Yandex-ը նախազգուշացրել է ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով ծառայությունների աշխատանքում խափանումների մասին

Yandex-ը պաշտոնապես նախազգուշացրել է իր մի շարք առաջնային ծառայությունների աշխատանքում հնարավոր խափանումների և անկայունության մասին։

Հոկտեմբերի 8-11-ն ընկած ժամանակահատվածում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հաջորդական հարձակումների թիրախում են հայտնվել Ռուսաստանում գտնվող Yandex-ի երեք խոշոր տվյալների կենտրոնները Սասովոյում, Կալուգայում և Վլադիմիրում:

Հարձակումների հետևանքով նշված տվյալների կենտրոնների ենթակառուցվածքները լրջորեն վնասվել են, ինչի պատճառով դրանց աշխատանքը ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցվել է։ Ընկերության հաղորդմամբ՝ միջադեպերի հետևանքով տուժածներ չկան։

Տվյալների կենտրոնների խափանումը շղթայական ազդեցություն է ունեցել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, Ղազախստանում և այլ երկրներում գործող ծառայությունների վրա։ Օգտատերերը խնդիրներ են ունենում հավելվածներից օգտվելիս:

Այս պահին Yandex-ի մասնագետները աշխատում են ենթակառուցվածքների վերականգնման և ծառայությունների կայունության ապահովման ուղղությամբ։

Leave a Comment