11.10.2026 | 10:35
(Ինչո՞ւ Նախիջևանը կռիվ չտվեց մեզ միանալու համար)
Եթե մենք խորագիտակ լինեինք, եթե պետություն կառուցելու հիմքում դնեինք ազգային երազանքը, այլ ոչ թե խմբային շահերը, ապա վստահ եմ՝ այսօր բոլորովին այլ իրականություն կունենայինք մեր երկրում։
Երեկ տեսա, թե ինչպես է Նախիջևանի մի բնակիչ դիմում Փաշինյանին՝ ապաստան խնդրելով։ Այս տեսարանն ինձ հիշեցրեց մի բանտային խոսակցություն, որն ունեցել եմ ազգությամբ վրացի մի հեղինակության հետ։ Նա մի մարդ էր, ումից կարելի էր սովորել իրական կյանք, փիլիսոփայություն, պատմություն, գրականություն, արդարամտություն ու սկզբունքայնություն… Ուսուցիչների հարցում կյանքումս միշտ բախտս բերել է, և դա, վստահ եմ, Աստծո նախախնամությունն է։
Նա հրաշալի գիտեր պատմությունը։ Ամեն երեկո արդեն ավանդույթ դարձած զրույցներ ունեինք պատմության կամ փիլիսոփայության շուրջ, որտեղ անպայման անդրադառնում էինք հայերին ու վրացիներին։ Հատկապես հետաքրքիր էր Հայոսի և Քարթլոսի մասին վրացական ավանդությունը, որի մասին, համոթ ինձ, նախկինում չէի լսել։ Ըստ վրացական ավանդազրույցների՝ Հայոսը (որ մեր Հայկ նահապետն է) և Քարթլոսը (վրացիների նահապետը) Թորգոմի որդիներն էին՝ երկու հարազատ եղբայրներ։ Սա, ի թիվս այլ թեմաների, բանտային տարիներին իմ ստացած կարևորագույն դասերից մեկն էր։
Հետո, մի անգամ, երբ խոսում էինք արցախյան ազատամարտի, մեր կորուստների, Նախիջևանի ու Արցախի բռնակցման պատմության մասին, նա ասաց հետևյալը.
«Դուք պիտի էնպիսի՜ պետություն կառուցեիք, որ Նախիջևանի բնակիչները կռիվ անեին ձեզ միանալու համար՝ ճիշտ այնպես, ինչպես մերոնք են հիմա անում Եվրոպային միանալու համար…»։
Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ