Ամուսնալուծության դեպքում գույքի բաժանումը․ ինչպե՞ս կարող է օգնել ամուսնական պայմանագիրը

Ամուսնալուծության դեպքում ամուսինների միջև կարող է բաժանվել ամուսնության ընթացքում ձեռք բերված ընդհանուր գույքը, սակայն ոչ բոլոր գույքերն են համարվում համատեղ սեփականություն։ Կարևոր է տարբերակել ամուսինների ընդհանուր և անձնական գույքը։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե օրենքով կամ ամուսինների միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

Ո՞ր գույքն է համարվում համատեղ սեփականություն

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե օրենքով կամ ամուսնական պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

Ո՞ր գույքը չի բաժանվում

Ամուսիններից յուրաքանչյուրի անձնական սեփականությունն են՝

  • մինչև ամուսնությունն իրեն պատկանող գույքը,
  • ամուսնության ընթացքում նվեր կամ ժառանգություն ստացած գույքը,
  • անհատական օգտագործման իրերը՝ հագուստը, կոշիկը և այլն, բացառությամբ թանկարժեք իրերի ու պերճանքի առարկաների։

Ե՞րբ կարող է անձնական գույքը համարվել համատեղ

Եթե ամուսնության ընթացքում ընդհանուր միջոցների կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են նշանակալի ներդրումներ, օրինակ՝ հիմնական վերանորոգում կամ վերակառուցում, և դրա արդյունքում գույքի արժեքը էականորեն ավելացել է, այն կարող է ճանաչվել ամուսինների համատեղ սեփականություն, եթե ամուսնական պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

Իսկ եթե ամուսիններից մեկը պարտքեր ունի՞

Օրենսգրքի 201-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ամուսիններից մեկի պարտավորությունների համար բռնագանձում կարող է տարածվել նրա անձնական գույքի, ինչպես նաև ընդհանուր գույքում նրա բաժնի վրա։

Ի՞նչ է ամուսնական պայմանագիրը

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնական պայմանագիրը ամուսնացող անձանց կամ ամուսինների համաձայնությունն է, որով սահմանվում են նրանց գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության ընթացքում և (կամ) դրա լուծման դեպքում։

Ե՞րբ և ինչպե՞ս կարելի է կնքել

Օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսնության պետական գրանցումից առաջ, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում։ Մինչև ամուսնության գրանցումը կնքված պայմանագիրն ուժի մեջ է մտնում ամուսնության պետական գրանցման պահից։

Պայմանագիրը պետք է կնքվի գրավոր և վավերացվի նոտարական կարգով։

Ի՞նչ կարելի է նախատեսել պայմանագրով

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ամուսինները կարող են՝

  • փոխել իրենց ընդհանուր սեփականության շրջանակը,
  • սահմանել գույքի համատեղ, բաժնային կամ առանձին սեփականության կարգ,
  • որոշել միմյանց ապրուստը հոգալու իրավունքներն ու պարտականությունները,
  • սահմանել ընտանեկան ծախսերի կատարման կարգը,
  • նախապես որոշել, թե ամուսնալուծության դեպքում որ գույքն ում է անցնելու։

Պայմանագիրը կարող է վերաբերել ինչպես արդեն առկա, այնպես էլ ապագայում ձեռք բերվելիք գույքին։

Ի՞նչ սահմանափակումներ կան

Նույն հոդվածի համաձայն՝ պայմանագրով չի կարելի սահմանափակել ամուսինների իրավունակությունը, գործունակությունը կամ դատարան դիմելու իրավունքը, կարգավորել անձնական ոչ գույքային հարաբերություններն ու երեխաների նկատմամբ իրավունքներն ու պարտականությունները։ Չի կարելի նաև նախատեսել այնպիսի պայմաններ, որոնք ամուսիններից մեկին դնում են անբարենպաստ իրավիճակի մեջ կամ հակասում են ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներին,-տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment