Դանիական Carlsberg խումբը պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանում PepsiCo-ի ըմպելիքներն արտադրող և իրացնող JI Pepsi Cola Bottler Armenia և վրացական Iberia Refreshments ընկերությունների ձեռքբերման շուրջ, հոկտեմբերի 5-ին հայտնել է Carlsberg-ը։
Հայաստանում գործարքի իրականացման համար անհրաժեշտ է կառավարության հավանությունը։ Երկու ընկերություններն էլ պատկանում են Revery ներդրումային խմբին։
Գործարքների ավարտից հետո Carlsberg-ը կստանձնի Հայաստանում և Վրաստանում PepsiCo-ի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը, վաճառքն ու բաշխումը։ Երկու երկրներն էլ կդառնան խմբի գործունեության առանձին շուկաներ։
Carlsberg-ն ակնկալում է, որ Ադրբեջանում արդեն գործող բիզնեսի հետ միասին ձեռքբերումները թույլ կտան Հարավային Կովկասում ձևավորել ուժեղ տարածաշրջանային խումբ։ Ընկերությունը հուլիսի վերջին ընդլայնել էր PepsiCo-ի հետ համագործակցությունն Ադրբեջանում։
Գործարքների ֆինանսական պայմանները չեն հրապարակվում։ Դրանց ավարտից հետո այն շուկաների թիվը, որտեղ Carlsberg-ն իրականացնում է PepsiCo-ի ըմպելիքների շշալցումը, կհասնի 17-ի։
