Iravaban.net-ը ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2026 թվականի մայիսի 5-ին։
Համաձայնագրով սահմանվում են «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի կարգավիճակը, կառավարման մարմինները, կողմերի պարտավորությունները, կրթական ծրագրերի իրականացման, կիրառական հետազոտությունների զարգացման, ինչպես նաև դիպլոմների և ակադեմիական պարգևների տրամադրման կարգավորումները։
Համաձայնագրի վավերացման նպատակն է զարգացնել Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում, նպաստել բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը և գիտական նորարարական ծրագրերի իրականացմանը։
Ի՞նչ է նախատեսվում համաձայնագրով
Համաձայնագրով կսահմանվեն «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի կարգավիճակն ու կառավարման և ղեկավար մարմինները։
Կսահմանվեն նաև ֆրանսիական և հայկական կողմերի պարտավորությունները, ինչպես նաև համալսարանի կողմից կրթական ծրագրերի իրականացման գործընթացը։
Նախատեսվում են դրույթներ կիրառական հետազոտությունների, գիտական ներուժի զարգացման, դիպլոմների և ակադեմիական պարգևների տրամադրման վերաբերյալ։
Ինչո՞ւ է անհրաժեշտ համաձայնագրի վավերացումը
2025 թվականի սեպտեմբերի 11-ին ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ բուհի լիցենզիայով սահմանվող ուսանողների սահմանային թիվը չի կարող պակաս լինել 4000-ից։
Օրենքը համապատասխան կարգավորումներ է նախատեսում նաև բուհի կողմից ներգրավված ակադեմիական կազմի հիմնական աշխատողների վերաբերյալ։
Միաժամանակ, «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի դասախոսական կազմի մոդելը և մասնագետների ներգրավումը համալսարանի՝ որպես միջպետական բուհի առանձնահատկություններից են։ Դրանց սկզբունքները ամրագրված են համաձայնագրով։
Հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի վավերացման դեպքում այն կունենա ավելի բարձր իրավաբանական ուժ, ինչը հնարավորություն կտա ապահովել համալսարանի գործունեության առանձնահատկություններին համապատասխան իրավական կարգավորումներ։
Ինչպե՞ս կազդի համաձայնագիրը կրթության և գիտության ոլորտների վրա
Համաձայնագրի վավերացումը կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացմանը։
Նախատեսվում է պատրաստել բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք կունենան աշխատաշուկայի պահանջներին և միջազգային ակադեմիական չափանիշներին համապատասխան հմտություններ։
Համաձայնագիրը նաև ուղղված է կիրառական հետազոտությունների զարգացմանը և գիտական ու կրթական նորարարական նախագծերի իրականացմանը։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Համաձայնագրի վավերացման արդյունքում ակնկալվում է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում, նպաստել գիտական ներուժի զարգացմանը և միջազգային չափանիշներին համապատասխան մասնագետների պատրաստմանը։
Նախատեսվող կարգավորումները հնարավորություն կտան հստակեցնել «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի գործունեության իրավական հիմքերը և ամրապնդել երկու երկրների միջև կրթական ու գիտական համագործակցությունը։
Համաձայնագրի վավերացումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Գիտություն» բաժնի 27-րդ նպատակից՝ մրցունակ գիտական գործունեության համար նպաստավոր ենթակառուցվածքների զարգացումից, ինչպես նաև 27.5-րդ միջոցառումից՝ գիտական և գիտատեխնիկական բնագավառում միջպետական կամ միջգերատեսչական պայմանագրերի և համաձայնագրերի կնքումից։
Համաձայնագրի վավերացումը նպատակահարմար է համարում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։