Կա մի ուտեստ, որի անունը լսելիս գրեթե միշտ նույն հարցն են տալիս՝ ի՞նչ։ Հետո հարցերը շատանում են, իսկ երբ համտեսում են՝ հաճախ նաև խնդրում են բաղադրատոմսը։


Կարշմը Վայքի համն է՝ սարերի բույրով, ընտանեկան սեղանի ջերմությամբ ու սերնդեսերունդ փոխանցվող հիշողությամբ։ Մի ուտեստ, որը ոմանց համար մանկության համ է, մյուսների համար՝ նոր ու զարմանալի բացահայտում։

Վայքի Ազատեկ գյուղում կարշմին նվիրված փառատոնն այս անգամ մեկ հարկի տակ է հավաքել այդ համը ճանաչողներին ու նոր բացահայտողներին։ Երբ ավանդական ուտեստը դառնում է փառատոնի հերոս, պարզվում է՝ երբեմն մի ամբողջ տեղանքի մասին պատմելու համար բավական է մեկ գդալը։


