Iravaban.net-ը ուսումնասիրել է «Վճարային ծառայությունների մասին» օրենքի և հարակից նախագծերի փաթեթը։
Նախագծով առաջարկվում է արդիականացնել վճարումների ոլորտի իրավական կարգավորումները, խթանել նորարարությունն ու մրցակցությունը, բարձրացնել վճարային ծառայությունների հասանելիությունն ու անվտանգությունը, ինչպես նաև բարելավել սպառողների շահերի պաշտպանության մակարդակը։
Փոփոխությունների նպատակն է նաև ապահովել վճարային ծառայություններ մատուցողների և հաճախորդների իրավունքների ու պարտականությունների համապարփակ կարգավորումը, ինչպես նաև ոլորտում առկա և առաջացող ռիսկերի արդյունավետ կառավարումը։
Ի՞նչ է փոխվելու
Նախագծով սահմանվում է վճարային ծառայությունների նոր ցանկ, որը ներառելու է վճարումների նախաձեռնման և հաշվի մասին տեղեկատվության տրամադրման ծառայությունները։
Նախատեսվում է սահմանել բաց բանկինգի շրջանակում ծառայություններ մատուցողների, հաշիվներ սպասարկող բանկերի ու վճարային կազմակերպությունների պարտականությունները, պատասխանատվության շրջանակը և տվյալներին հասանելիության տրամադրման կանոնները։
Վճարային կազմակերպություններին թույլատրվելու է մատուցել օրենքով սահմանված բոլոր վճարային ծառայությունները, այդ թվում՝ վճարային գործառնությունների կատարման նպատակով վճարային հաշիվների բացումն ու վարումը՝ համապատասխան կապիտալի և այլ պահանջներին բավարարելու դեպքում։
Նախատեսվում է նաև վճարային կազմակերպությունների՝ որպես իրավաբանական անձ գրանցումն իրականացնել Կենտրոնական բանկի կողմից՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվելու փոխարեն։
Կսահմանվեն վճարային կազմակերպությունների միացման և լուծարման ընթացակարգերը, կորպորատիվ կառավարման պահանջները, ինչպես նաև դրանց գործունեության և գործունեության դադարեցման հետ կապված ռիսկերի կառավարման մեխանիզմները։
Նախագծով Կենտրոնական բանկին հնարավորություն կտրվի վճարային կազմակերպությունների համար սահմանել կանոնադրական և ընդհանուր կապիտալի պահանջներ։
Բացի այդ, վճարային ծառայություններ մատուցելու իրավասություն չունեցող կազմակերպություններին հնարավորություն կտրվի ստեղծել և գործարկել հայկական վճարային համակարգեր՝ հանդես գալով որպես այդ համակարգերի օպերատոր։
Կսահմանվի վճարային համակարգերի օպերատորների պարտականությունը՝ բոլոր վճարային ծառայություններ մատուցողների, այդ թվում՝ վճարային կազմակերպությունների համար սահմանել ոչ խտրական և թափանցիկ մասնակցության կանոններ։
Նախատեսվում է նաև վերացնել արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի հետ համագործակցությունը հայկական վճարային համակարգի միջոցով իրականացնելու պահանջը։
Ինչպե՞ս են պաշտպանվելու հաճախորդների իրավունքները
Նախագծով սահմանվում են վճարային գործիքների օգտագործման, վճարային գործառնությունների կատարման, վճարման հանձնարարականի ստացման և կատարման հետ կապված կարգավորումները։
Կսահմանվեն բանկերի, վճարային կազմակերպությունների և հաճախորդների իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ հաճախորդի կողմից չվավերացված, չկատարված կամ սխալ կատարված վճարային գործառնությունների հետ կապված կարգավորումները։
Նախատեսվում է վճարային ծառայությունների մատուցման ընթացքում ծառայություն մատուցողին հայտնի դարձած՝ հաճախորդին վերաբերող տեղեկությունները հավասարեցնել բանկային գաղտնիքին և դրանց նկատմամբ կիրառել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի դրույթները։
Կենտրոնական բանկին կտրվի նաև հաճախորդի ինքնության մեջ հավաստիացման՝ երկգործոն նույնականացման պահանջներ սահմանելու իրավասություն։
Ինչպե՞ս են բարձրացվելու վճարումների անվտանգությունը և տվյալների պաշտպանությունը
Նախագծով նախատեսվում է ապահովել վճարային գործառնությունների և հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության պաշտպանության մեխանիզմներ։
Կենտրոնական բանկին հնարավորություն կտրվի սահմանել վճարային ծառայությունների մատուցման ընթացքում հաճախորդի ինքնության հավաստիացման պահանջներ։
Բացի այդ, նախատեսվում է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրում առկա տվյալներն օգտագործելու հնարավորություն՝ վճարողի կողմից նախաձեռնված փոխանցումների ժամանակ, մինչև գործառնության վավերացումը, շահառուի անվան և հաշվեհամարի համապատասխանությունն ստուգելու նպատակով։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարենպաստ պայմաններ ստեղծել նորարարական վճարային ծառայությունների մատուցման համար, ապահովել տեղեկատվության անվտանգությունը և հստակեցնել վճարային ծառայություններ մատուցողների պատասխանատվությունն ու պարտավորությունները։
Հաճախորդները հնարավորություն կունենան օգտվելու ավելի հարմարավետ և մատչելի վճարային ծառայություններից։
Կապահովվեն վճարումների շուկայի մասնակիցների համար հավասար մրցակցային պայմաններ, կխթանվեն նոր բիզնես-մոդելների, վճարային լուծումների ու անկանխիկ վճարումների զարգացումը։
Փոփոխությունները նաև հնարավորություն կտան բարձրացնել հաճախորդների իրավունքների պաշտպանության և նրանց տվյալների անվտանգությունը, ինչպես նաև Կենտրոնական բանկի համար ապահովել կարգավորման ու վերահսկողության ավելի ճկուն և արդյունավետ մեխանիզմներ։
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից,– տեղեկացնում է Iravaban.net-ը։